Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

08.01.2023  22:23

Մ.թ.ա. V դարում Հունաստանում տեղի ունեցավ իրադարձությունների շարք /հեղափոխություն/, որի հիմնական տարրերին, իրենց ժամանակով ու տարածքով պայմանվորված ձևափոխումներով, հնարավոր է եղել հանդիպել բոլոր հետագա հեղափոխություններում: «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի շաբաթ օրը կայացած նիստում հունական դասական հեղափոխության մասին իր զեկույցն այսպես է սկսել հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Նշելով, որ հունական դասական հեղափոխությունը հանդիսանում է մյուս հեղափոխությունների ինվարիանտ՝ Նեդոլյանը ներկայացրել է այդ հեղափոխության հիմնագծերը: Որպես առաջին կետ հրապարակախոսը նշել է միսթերիաների բացումը:

«Կարևորագույն իրադարձությունը հենց դա էր: Որպես միսթերիայի և նրա բացման օրինակ նշենք հին աշխարհում ամենուրեք տարածված հիմնական, իշխանական միսթերիան, որի բացումը առաջացրեց թատրոն: Հունաստանում այդ միսթերիան հայտնի էր իբրև Էլեվսինյան և Դելֆյան միսթերիա, որի նկարագրումը չի պահպանվել, բայց մենք կարող ենք նկարագրել նմանատիպ հայկականը, որի ռեկոնստրուկցիան արել է պատմաբան Ալբերտ Ստեփայնանը:

Երբ թագավորը մահանում էր, թագաժառանգը քառասուն օրով ու գիշերով մեկուսանում էր հատուկ սրբավայրում, և այնտեղ նա սկսում էր հերթով մարմնավորել, կերպարանավորել, խաղալ իր բոլոր նախնիների դերերը, իշխանական տոհմի հիմնադրից սկսած: Նա խաղում էր հերթով իրենց կերպարանքը, արարքները, ճակատագիրը, գալիս՝ խաղում էր իր նոր մահացած հոր կամ նախկին իշխանավորի դերը, մահն էլ հետը, և այսուհետ նա գալիս էր մի իրավիճակի, երբ պետք է սկսեր խաղալ արդեն ինքն իրեն՝ մաքուր էջից, առանց տեքստ: Եվ նա դուրս էր գալիս սրբավայրից, ստանձնում իշխանությունը, և իր ուսին երկնքից իջնում էր Փառք թռչյունը:

Ի՞նչ էր տեղի ունենում միսթերիայի հետևանքով: Մարդը ազատվում էր ինքնություններով ու ժառանգությունով կաշկվանդվածությունից, ներսից ճանաչելով, վերապրելով դրանք, նա դառնում էր դրանցից, ազատ, ազատորեն գործելու ընդունակ: Եվ նա ճանաչում էր այն, ինչը արդեն XX դարում հայտնաբերեց էքզիստենցիալիզմը՝ մարդը ինչ-որ բան չէ, «Ես»-ը դա բացասական կատեգորիա է:

Հույները սրբազան իշխանական այդ գիտելիքը դարձնելով թատրոն, այն «նետեցին հրապարակ», հասանելի դարձրեցին ամեն մեկին, ու ամեն մեկն այսուհետ կարողացավ դառնալ ազատ, իմնանալ ու տիրապետել իշխանական տեխնոլոգիային ու գիտությանը:

Դա դիտվեց իբրև դավաճանություն հին աշխարհի կողմից, և հին աշխարհի առաջնորդ Դարիոսը որոշեց պատժել Հունաստանին՝ արշավանք կազմակերպելով նրա դեմ: Բայց քանի որ ամեն մի հույնն այսուհետ իրենից ներկայացնում էր այն, ինչը պարսիկների դեպքում միայն ինքը Դարիոսն էր, այդ արշավանքը կասեցվեց, իսկ հետո հույները, Մակեդոնացու առաջնությամբ, պատասխան այցելություն կատարեցին Պարսկաստան ու վերացրեցին նրա սրբազան դինաստիան՝ այնտեղ էլ հաստատելով հելլենական մշակույթ», – առաջին կետն այսպես է ներկայացրել Նեդոլյանը:

Ըստ հրապարակախոսի՝ երկրորդ հիմնագիծը դա «մյուս միսթերիաների բացումն է»:

«Այժմ, իշխանականի օրինակով, մենք կարող ենք հասկանալ նաև մյուս միսթերիաների սկզբունքը, այն է՝ գիտակցում, որ ամեն մի առարկայական ոլորտի հետևում կա իրեն կազմակերպող սկզբունքերի համակարգ« ինչ-որ իմաստով իր Ես-ը: Այդ գիտակցման ճանաչումը թույլ տվեց գիտակից, և անկաշկաննդ, և ճշգրիտ դիտարկել արդեն հենց իրենք՝ առարկայական ոլորտները, ստեղծելով գիտություններ և այլ դիսցիպլիններ: Այդպես, հույների մոտ առաջացան արդեն իբրև աշխարհիկ, ամեն մեկին հասանելի ոլորտներ աստղագիտությունը, երկրաչափությունը, հարմոնիան, պոեզիան, լեզվաբանությունը, ճարտասանությունը /կոմունիակցիայի արվեստ/, անգամ, Արիստոտելի դեպքում, կենսաբանությունը: Առաջացավ նաև սերը՝ սերն արդիական իր պատկերմամբ՝ իբրև ազատ, ոչ-արյունակցական կամ ընտանեկան. սեր բացահայտեց Սաֆոն, ի դեպ, դա համասեռական սեր էր, ավելի ճիշտ, պան-սեռական: Դրանք նույնպես՝ գիտելիք ու մտածելակերպ էին, դիտարկման ու մտածողության տեխնիկաներ, որոնք պահպանվում էին միսթերիաներում ու ծառայում իբրև իշխանական միջոցներ:

Հույները նաև ձևակերպեցին, էլի ի դեմս Արիստոտելի, այն ընդհանուր մտավոր ոլորտը, որը թաքնված է բոլոր առարկայական ոլորտների հետևում՝ սահմանեցին փիլիսոփայություն, իբրև «գիտություն գիտությունների մասին» ՝դա ավելի ուշ տրված ձևակերպում է, բայց Արիստոտելը, ստեղծելով լոգիկա, սահմանեց նաև կատեգորիաներ՝ ասելով, որ ապագայում մարդկությունը սկսելու է մտածել կատեգորիաներով, այսինքն՝ գոյանալու է կատեգորիաների վրա հիմնված լրիվ թափանցիկ ու փոխանցելի, թարգմանություն չպահանջող լեզու,  որը զուրկ է լինելու պատմական լեզուների կրած առարկայացումից ու պատմականորեն պայմանավորված «կուտակվող սխալներից»: Նման լեզվի պայմանաձևերից մեկը, հավանաբար, կարելի է համարել ժամանակակից մաթեմատիկայի ու կիբերնետիկայի լեզուն, թեև՝ ոչ ամբողջ նախատեսվող ծավալը, զարգացումը ընդգրկած», – նշել է Նեդոլյանը:

Երրորդ պատկերացումը, ըստ բանախոսի, կրոնական պատկերացումների ռացիոնալացումն է:

«Հույները գիտակցեցին աստվածներին իբրև տարբեր բնական ու կենսական ոլորտների այն ազատը, «դատարկը», որը որ կանգնած է առարկայական ոլորտի հետևում իբրև նրա ազատ կայացնող ու գործակցող: Միևունույն ժամանակ, հետաքրքիր հարց օրինականորեն առաջ եկավ՝ եթե ամեն մի աստվածը իր ոլորտի ազատ գործոկիցն է, ուրեմն՝ հնարավոր է նաև բոլոր աստվածների հետևում գտնվող իրենց ազատ գործակիցը, որը հույները անվանեցին Լոգոս, ընդգծելով նրա բանական-կոմունիկատիվ, ոչ անձնավորված և ոչ էլ միսթիկ-կրոնական բնույթը, այլ՝ իբրև մտածողության ու կոմունիակցիայի այն մակարդակը, որը հասանելի է ամեն մի մտածողին՝ դիալեկտիկայի մեթոդը օգտագործելով: Այստեղից՝ քրիստոնեության կողմից և ավելի հստակ ձևակերպված, բայցև անձնականացման հաշվին մթագնած այն դրույթը, որ աստված ամեն մեկի մեջ է: Ի դեպ, հունական թատրոնի դերասանները անբռնազբոսիկ կատարում էին նաև աստվածների դերերը», – ասել է բանախոսը:

Որպես չորրորդ հիմնագիծ Նեդոլյանը նշել է այն փաստը, որ հույները ձևակերպել են մարդակենտրոնության սկզբունքը, այն է՝ աշխարհի բոլոր իրերի չափանիշը մարդն է:

Բանախոսը չափազանց կարևորում է 5-րդ հիմնագիծը: Նա նշում է, որ մարդակնետրոն հասարակության մարդը՝ ինքնիշխան, աշխարհի բոլոր իրերի չափանիշ, որին հասանելի է Լոգոսը՝ պահանջում էր և համապատասխան հասարակություն:

Ըստ Նեդոլյանի՝ դա, հավանաբար, հանդիսացավ հույների հեղափոխության գլխավոր ծնունդը, այն է՝ դեմոկրատական հասարակություն:

«Նման հասարակությունը կապում է անվերջ-դիալեկտիկ զարգացող, Լոգոսին հասնող միտքը և անվերջ-զարգացող հասարակական գործողությունը, այսինքն՝ իրենից ներկայացնում է անսահման հնարավորությունների հասարակություն /նույնպես՝ ավելի ուշ, ամերիկյան-հեղափոխական ձևակերպում/», – նշել է հրապարակախոսը:

6-րդ կետում Արա Նեդոլյանը խոսել է մարդկության երկփեղկվածության մասին.

«Մարդկությունն այն ժամանակվանից կիսվեց՝ նրանք, ովքեր ընդունեցին հունական դասական հեղափոխության սկզբունքերը, մոտեցումները ու հետամուտ եղան դրանց պրակտիկ իրականացմանը, անվանվեցին քաղաքակարթություն: Նրանք, ովքեր մերժեցին, պահպանեցին նոստալգիան միսթերիալ, բրգաձև կառուցվող հասարակության հանդեպ անվանվեցին բարբարոսներ: Այդ սահմանումը համընկնում է նաև աջի ու ձախի սահմանմանը: Այդ երկփեղկվածությունը կա բոլոր հասարակություններում», – նշում է Նեդոլյանը:

7-րդ հիմնագիծը քրիստոնեության դերակատարումն է:

«Քրիստենեությունը երկակի է՝ մի կողմից, նա կարող է դիտարկվել իբրև հունական կլասիկ դրոյթների վերահաստանում, մյուս կողմից՝ իբրև դրանց բարբարոսական հերքում: Մի կողմից՝ կարելի է գտնել հունական մտքի նվաճումների զարգացում՝ դրանց թվում են մարդու ու աստծու անմիջական, ներքին կապը, նույնանալու տեսական հնարավորությունը: Կարևոր է նաև Քրիստոսի այն միտքը, որ ով որ ուզում է փրկել իր հոգին՝ նա կկորցնի, իսկ ով որ կորցնում է հանուն մերձավորի՝ նա կփրկվի: Այստեղ կարելի է տեսնել ինքնությունների հետ կաշկանդող կապից ազատվելու մի այլ տեխնոլոգիա, որը հիմնվում է ոչ թե խաղի, այլ՝ սիրո ու զոհաբերության վրա: Ազատությունը այստեղ ձեռք է բերվում ոչ թե իբրև գործողության նպատակ, այլ՝ գործողության հետևանք, անգամ անսպասելի, պարադոքսալ հետևանք: Անշուշտ, քրիստոնեության դրական գյուտերի և դասական իմաստների ցանկը կարելի է շարունակել: Դրանցից կարևորագույնն է, երևի, հեղափոխության, նոր սկզբունքերի փաթեթային ձևակերպման և դրանց հիման վրա ամբողջ աշխարհը վերաձևելու փաստը, որը անտիկ աշխարհում այդքան ակներև չի արտահայտվել:

Սակայն, լայն պատմական պատկերը, որ ստեղծեց քրիստոնեությունը ի դեմս միջնադարյան հասարակության, բավական բարբարոսական է: Ժառանգությունը, ինքնությունը, սեփական մարմինը, հասարակական ինստիտումները, հարաբերությունները, իրերը, առարկաները սկսեցին դիտարկվել ոչ թե իբրև ազատների գործիք, այլ՝ իբրև սեփական, անճանաչելի, սրբազան էությունով օժտված բաներ: Որպես օրինակ մարմինը. եթե դասական աշխարհում կար օլիմպիական վերաբերմունք մարմնին, ցանկություն դարձնել այն սեփական ազատ կամքի կատարելագույնս գործիքը, ապա միջնադարում մարմինը սկսեց դիտարկվել իբրև սեփական, այն էլ՝ բացասական էությամբ օժտված մի բան: Պատժում էին /նաև ինքնապատժում/ մարմինը, որպեսզի ազատեն «հոգին» շրջանառության մեջ մտան կտտանքները, իբրև մարմնի այդ սեփական «էությունը» լավ հասկացնելու, որ նա սխալ է՝ միջոց:

Այնուամենայնիվ, քրիստոնեությունը կատարեց կարևոր մի պատմական գործառույթ՝ պահպանեց իր ունիվերսալ բնույթը, սահմանեց /կամ վերսահմանեց/ մարդկություն և քաղաքակրթություն հասկացողությունները, պատմական դրական ընթացքի համընդհանուր դրույթը», – նշել է Նեդոլյանը:

Ամփոփելով՝ բանախոսը նշել է, որ հեղափոխական շարժումը բոլոր ժամանակներում այն է, ինչ նպատակ ունի կերտել քաղաքակրթություն և դիմադրել բարբարոսությանը, այն է, որ պայքարում է անձնական և հասարակական արտադրողական գործիքների ապասակրալացման համար և վերադարձնում է դրանց տիրապետումը մարդուն, այն է, որ հաստանում է «աշխարհի բոլոր իրերի չափանիշը մարդն է» սկզբունքը, կամ, ինչպես էքզիստենցիալիստներն են ասում, «ազատություն» բառի միակ սահմանումը մարդն է, իսկ «մարդ» բառի միակ սահմանումը՝ «ազատությունը»:

«Վերաշարադրվածի կապակցությամբ՝ անշուշտ հարց կառաջանա դիտարկման մեթոդի վերաբերյալ: Առարկումը հետևյալն է՝ այստեղ անցյալին վերագրվում են /կամ կարող են վերագրվել/ բաներ, որոնք հատուկ են միայն ու միայն ժամանակակից գիտակցությանը, և հատուկ չէին, օրինակ, հին հունական ինչպես գիտակցությանը, այնպես էլ հասարակական կյանքի ֆենոմեններին: Պատասխանը այն է, որ այո, այստեղ կիրառվել է ռետրոսպեկցիայի մեթոդը, որը, օրինակ, կիրառվում է պատմական մատերիալիզմի կողմից: Ինչ է ասում մարքսիստական պատմագրությունը. մարդկային պատմությունը՝ դա այն պայքարի պատմություն է, որ մարդը ու հասարակությունները վարում էին հանուն ինքնիշխանության, հանուն մարդու ազատագրման բոլոր տիպի հիերարխիաներից և ոչ-ռացիոնալ /էականացված/ պատկերացումներից: Մնացածը՝ պատմագիտություն չի, կրոնա-գեղարվեստական գրականություն է՝ հերսոներ, ասպետներ, սրբեր ու թագավորներ: Նույն կերպ էլ մենք՝ ավելի որոշակի սահմանում ենք, ներկայի տեսակետից, անցյալի երևույթները՝ դրանով իսկ հասնելով դիտարկվող կոնցեպտների, ինչպիսինն են՝ քաղաքակրթություն, բարբարոսություն, հեղափոխություն, փիլիսոփայություն, թատրոն, մարմին, հասարակական կառույց և այլն՝  կիրառելությանը մեր ժամանակաշրջոնում, մեր հասարակական կյանքում», – իր ելույթը եզրափակել է Նեդոլյանը:

Նյութի աղբյուրը՝ epress.am/2011/06/19/

846 հոգի