Սեղմիր
ԷՍՍԵ

31.10.2023   00:17

Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին նվիրված «Արմմոնո» միջազգային փառատոնի մեկնարկը տրվել է հեղինակի «Գոմեշը» պատմվածքի մենաներկայացմամբ։ Բեմադրության հեղինակը և դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն է։ Կամերային ներկայացում է, որ խաղացվել է տարբեր վայրերում և վերջապես իր տեղն է գտել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն- թանգարանում։ «Գոմեշը»  խաղացվում է մինչ օրս, և անտարբեր չի թողնում հանդիսատեսին։ Դերասանուհու հարցազրույցներից մեկից հասկանալի դրաձավ, որ բեմականացում չի արվել։ Այս փաստն ինձ զարմացրեց ու ավելի հետաքրքրեց։ Արձակ ստեղծագործության բեմականացում ասելով հասկանում ենք, առաջին հերթին, գրական երկի մշակումը տեքստային մակարդակում՝ այն վերածելով դրամատիկական երկի։ Արձակ գործը բեմադրելիս թատրոնը չի ձգտում վերարտադրել գործն ամբողջությամբ, կերպավորել բոլոր հերոսներին, բայց փորձում է պահպանելով այն գեղագիտական ​​շրջանակը, որում գոյություն ունի ստեղծագործությունը: Արձակ տեքստը վերածել բեմադրության, նշանակում է  սյուժեն կառուցել տեսարաններով, դեպքերը պատկերել գործողության մեջ։ Համաշխարհային թատրոնը հարուստ է նման փորձով։ Շատ են էպիկական ստեղծագործությունները, որոնք ռեժիսորներին հնարավորություն են տալիս երկից դուրս բերել հերոսների փոխհարաբերություններ, ստեղծել գործողությունների միջավայր: Եթե դրամատիկական երկի հեղինակը, ինքն է նշում գործող անձանց վերաբերող որոշ տեղեկություններ` տարիքը, հաճախ բնավորությունը հատկանշող գծեր, արտաքին յուրահատկություններ…, ապա արձակ ստեղծագործությունների դեպքում այդ աշխատանքը հիմնականում իր վրա է վերցնում բեմավորողը կամ ռեժիսորը: Պատմողական նախադասությունները վերածվում են երկխոսությունների, դրությունների, տեքստից դուրս են բերվում դրամատիկական վիճակներ: «Գոմեշի» ընթերցողը կարո՞ղ էր պատկերացնել, որ մի օր կդառնա «Գոմեշի» հանդիսատեսը։ Խոսքը բոլորովին էլ արձակ ստեղծագործությունը դրամատիկական երկի վերածելու մասին չէ։ «Գոմեշը» ստեղծագործության մեջ, որ ամբողջապես բնաշխարհն է ու բնապատկերներ, թվում է անհնար է ստեղծել դրամատիկական վիճակներ կամ հարաբերություններ: Բայց խոսելու ենք այդ անհնարին թվացող գտնված արտահայտչալեզվի և ձևի մասին: Ինչպես է Նարինե Գրիգորյանը գեղարվեստական երկի զգացական ներգործությունը վերածում բեմական գործողության։ Ինչպես է գեղարվետական պատկերները դիտել որպես խաղային տարերքի աղբյուր:

Բնապատկեր նկարագրող տեքստը դերասանուհին կարդում է այդ բնության մեջ ապրող կենդանուն՝ գոմեշին ցույց տալով, ով որոճում է թարմ, կանաչ խոտը, հոտոտում քամու բերած  անծանոթ հոտերը, պոչով քշում է ճանճերին, փնչացնում, որ ծաղկափոշին քթից դուրս գա, խաղ է անում շան հետ։ Գրական երկից Գրիգորյանը դուրս է բերել «կերպարներին»՝ նան, ձի, շուն, աղվես, գայլ, հովիվ, անցորդ,  երկրաբան, քուրդ կին...  Եվ նրանց տեքստի հետ հակադրության մեջ է դրել, տեքստին զուգահեռ հերոսները գործում են իրենց առօրյա կյանքի տրամաբանությամբ։ Հերոսներին ներկայացնողն ինքն է, մեկ-երկու բնութագրական նշանով, դետալով կերպարանափոխվում է (մազերը դարձնում է կոտոշներ, ժանիքները ցույց տալով գայլ է դառնում, դանդաղ քայլով ու խոսքով՝ քուրդ կին է...) Որոշ տեսարաններում, հանդիսատեսը ականատես է լինում  թե Հրանտ Մաթևոսյանի ստեղծած «տեսիլքը» ինչպես են տեսնում նրա իսկ ստեղծած հերոսները։ Դերակատարուհու պլաստիկայի հետ փոխվում է նաև խոսքի տոնը։ Շարժումների զսպվածության մեջ  վարպետության միջոցով Գրիգորյանը կերպարին տալիս է ընդհանրական իմաստ, ասոցիատիվ պատկեր։ Ստեղծագործողի երևակայությունը կախված է ասոցիատիվ ուժից, որն էլ սնվում է հիշողությունից: Արվեստագետի ենթագիտակցությունը հակված է պահպանելու ապագայի համար այս կամ այն ​​տարրը, որը կարող է ստեղծագործ երևակայությանը անհրաժեշտ լինել համատեղելու համար հետագա հիշողությունների հետ: Եվ ահա երևակայության և հիշողության արահետներով շրջող պտղաբերության, համառության, համբերության ուժի մարմնացում մաթևոսյանական գոմեշը իր ոդիսականն է անցնում Նարինե Գրիգորյանի հետ արտասովոր ու չափազանց գեղեցիկ բնապատկերներում. «Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ: Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև»: Այս պատմվածքը ոչ թե սովորական պատմություն է գոմեշի ճամփորդության, այլ բնության արարման, ինքնաստեղծ  ուժի, ոգու համառության, ապրելու կանչի  մասին է։

Բնության երևույթներին, կենդանիներին մարդկային հոգեկան հատկանիշներ վերագրելը` պայմանավորված է ստեղծագործողի գեղարվեստական մտածողության յուրահատկություններով: Ծանոթ բնազդը գոմեշին իր բակից դուրս է հանում, սարերը կանչում են նրան, հեռացող գոմեշին ընդառաջ է դուրս գալիս շունը, անտեսվում անհարկի ճանապարհին հայտնված հարևանի նման ու շփոթված ու մոլոր հանկարծ խոսում է լոռվա բարբառով՝ «Էս գոմեշն ուր է գնում»։ Վազում է հետևից մինչև Հոնուտի բլուր, գոմեշը շրջվում է ու տեսնում շանը, որ փորձում է մտապահել բաժանման տեղը, որ եթե հարցնեն՝ Բասար, որտե՞ղ է գոմեշը, նրանց բերի էդ տեղը և ասի. «Մինչև էստեղ տեսել եմ, սրանից հետո չեմ տեսել»։ Գոմեշն էլ, շունն էլ միմյանց հետ շփվում են ընթերցվող տեքստին համընթաց, շունը՝ հևիհև, գոմեշը՝ ինքնակենտրոն, հայացքը հեռուներին, հողը հոտոտելով...

Մեկ ուրիշ տեղում գոմեշի ոտի տակից հազիվ փրկված աղվեսն է տեսնում դեպի գոմշացուլը վազող գոմեշին. «Էն ի՞նչ է անում, էն ի՞նչ է անում, ի՞նչ է անում էն անասունը»,- ու դժգոհում է իր ընտրած բնի տեղից։

Նարինե Գրիգորյանի խաղում գոմեշի բնազդի դրսևորումն իսպանական ոճավորում ունի։ Բեմի կենտրոնում կանգնում է իսպանական ֆլամենկո պարողի նման, ձեռքերը (որ գոմեշի կոտոշներն է ցուցադրում) գլխավերևում խաչված, ափերը կիսափակ, կարծես, կաստանետներ կան ձեռքերում։ Իսպանուհու կեցվածքով է նա կանչում հեռվում վար անող գոմշացլին։ Հայացքի մեջ մի քիչ հանդգնություն ու հպարտություն կա։ Հետարքիր տեսարան է գոմեշի և գայլի հանդիպումը։ Կենդանական բնազդով զգում է, որ շրջակայքում վտանգ կա, քարանում է, գլուխն առաջ տանում, լարում տեսողությունն ու լսողությունը, իրեն համոզում, որ ոչինչ չկա, մի քանի քայլ առաջ է գնում, կասկածում, նկատում Մաթևոսյանի նկարագրած  քարը, հայացքն անցնում է գայլի վրայով, քարի վրայով, գայլի վրայով, քարի վրայով ու փնչացնելով նստում է գայլի վրա։ Շարունակությունը տեսնում ենք փշաքաղված ու ճիգեր գործադրող գայլի վարքի մեջ, ով դուրս է պրծնում օրորվելով, ժանիք ցույց տալով հեռավորություն ստեղծում իր և գոմեշի միջև, հետ քաշվում գոմեշի առաջ գալու հետ։ Կռիվ է լինելու, կրքերը թեժ են դերասանուհին՝ մեկը։ Մենամարտի գեղարվեստական արտահայտման ձևը դառնում է, կարծես, սանձվողի ու սանձողի իսպանական պար։  Ի վերջո, գոմեշի թափն ուժգնանում է, գայլը հանձնվում ու հեռանում է։ Գայլի հեռանալը հանդիսատեսը տեսնում է դերասանուհու հայցքի մեջ։ Հեռվում շան կաղկանձ է լսվում, շարունակությունն արդեն պատմում է դունչը դեպի լուսինը ձգած ոռնացող գայլը՝ ձագերը սոված են մնացել, արու գայլը ոչխար որսալիս վիրավորվել ու սատկել է, օգնող չկա...

Այն, որ գայլի հետ կռիվը գոմեշի համար էլ հեշտ չի եղել, իմանում ենք նախրապանից, նա շոշափում է գոմեշի վերքերը՝ խորն են։ Փախչում է, թափառում, քաղաքում մոլորված, հոգնատանջ գոմեշը քուն է մտնում։ Դերասանուհին տեքստն ընթերցում է հորանջելով, աչք կպցնելով ու վեր թռչելով, ապա դեգերող գոմեշի անհույս փնտրտուքներն, այս ու այն կողմ վազելը, վախերը, ցավը տեսնում ենք ընթերցվող տեքստի շնչահեղձ ռիթմի մեջ... Հոգնածությունը, որ արդեն անտանելի է դառնում, Նարինե Գրգորյանի գոմեշին ցավ է հիշեցնում, կորստի ցավ՝ ձագի կորստի ցավ, մայր գոմեշին դեգերումների մղող ցավ, կոկորդը սեղմող, անձայն, խլացած ոռնոցի ցավ... Դերասանուհին որդեկորույս մոր պես բղավում է որքան ուժ ունի, որքան կոկորդը թույլ կտա, բայց ձայն դուրս չի գալիս, ցավն իրենն է, միայն ինքն է լսում դրա ձայնը, փակում է ականջները, ապա ձեռքով, կարծես, ճեղքում հիշողության ամպը։ Նրա համար իր կյանքը մի դար է թե մի պահ, բայց անցնելու է ապրման բոլոր տարիքները։ Դրա ակնարկը կա Հրանտ Մաթևոսյանի երկում. «Շեկ ճանապարհին մի գոմեշ էր օրորվում, նրա ետևից գնում էր մի կարմիր գամփռ, և նրանք գնալու էին քաղաքների, ձախորդ կյանքի ու ծերության միջով...»։

Իր ճակատագրի, դժվարությունների, անհաջողությունների դեմ դեռ պիտի պայքարի Նարինե Գրիգորյանի գոմեշը, հետո միայն պիտի հանձնվի արուին ու մայրանա։ Առասպելական ու խորհրդանշական է գոմեշը իր բնության ուժով։ Չգիտեմ, Հրանտ Մաթևոսյանը որևէ նկատառում ունեցե՞լ է, որ իր գոմեշի անունը Սաթիկ է դրել, բայց գերության մեջ հայտնված Նարինե Գրիգորյանը, ով գոմեշի վիզն ընկած պարանն իջեցրել է գոտկատեղին, այլ իմաստ, այլ խորհուրդ է բերում բեմ։ Նա դառնում է, կարծես ալանների արքայադուստր Սաթենիկը, ով գերեվարվել է Արտաշեսի կողմից։ Տեսարանը կառուցված է «Արտաշես և Սաթենիկ» առասպելի թաքնված մոդելի համաձայն։ Քուրդը «ոսկեօղ շիկափոկ պարանը» գցում է Սաթիկ անունով գոմեշի մեջքը «Եվ շատ ցավեցուց մեջքը փափուկ օրիորդի...» (դերասանուհու գոմեշը մաքառում է, վայրագ ուժով փորձում է ազատվել պարանից, իր ուժի հակազդեցությունից վայր է ընկնում, կրկին վեր է կենում, թափն ավելացնում, ոչինչ չի փոխվում, պարանն ամուր է, գերություւն անվերջանալի թվացող)։ Գոմշացուլը մոտենում է մայրացու գոմեշին. «Եվ դրանից հետո նրանք ոչինչ չարեցին, այլ արեց նախիրների ու գոմեշների աստվածը...»։

Գեղեցիկ է կառուցված Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշի» ավարտը։ Մայրացող գոմեշին երկրաբաններն ազատում են։ Զավակը պիտի ազատության մեջ ծնվի, իր տանը, նանը պիտի բոխի տա, քար աղը պիտի հալվի ջերմությունից... Ծանրումեծ կովերի միջով անցնող «հնձից վերադարձող մշակի» ըըըմ-ին ջան պիտի ասի նանը։ Նարինե Գրիգորյանի բեմադրության մեջ, նոր կյանքի խորհուրդը կհաղորդի բեմի կենտրոնում մենակ, չորացած, անսաղարթ ծառի ծաղկումը...  

Արձակի բեմական մարմնավորումը թատրոնի բեմում էապես ազդում է ոչ միայն ռեժիսորի և դերասանի գեղարվեստական ​​էներգիայի զարգացման վրա, այլև շատ բան է սովորեցնում հանդիսատեսին՝ ակտիվացնելով նրա ասոցիատիվ մտածողությունը, արվեստի նոր երևույթներն ընկալելու կարողությունը։

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1335 հոգի