20.11.2023 02:43
Երբ ասում ենք բենեֆիս, հիշում ենք թատրոնի անցյալը՝ իր հին ու բարի ավանդույթներով, երբ ներկայացումները խաղում էին ի պատիվ լավագույն դերասանների` փառաբանելով նրա արվեստը և նյութապես աջակցելով նրանց: Բենեֆիսի պատվին արժանացած դերասանը հանդես էր գալիս իր լավագույն դերակատարումով և դառնում տվյալ ներկայացման կենտրոնն ոգին: Ժամանակակից ռեժիսորական դարի անսամբլային թատրոնը մերժեց բենեֆիսը, և մենք կորցրինք տարիների փորձությամբ հաստատված այդ կարևոր և հիշարժան բեմական ավանդույթը։
Այդ կորուստը առաջին հերթին պայմանավորված էր դերասանի անհատական նախաձեռնության ժխտումով՝ հանդես գալ այս կամ այն դերակատարման մենաշնորհով:
Այսօր արդեն, երբ ավելի անկախ ու սթափ հայացք ենք նետում անցյալին և վերագնահատում ենք մեր հին արժեքներն ու ավանդույթները, շոշափելիորեն զգում ենք այդ արհեստականորեն ընդհատված բացը մեր թատրոններում: Հետաքրքիր է սակայն այն հանգամանքը, որ ժամանակակից թատերային ներկայացումները, երևի թե արյան կանչով, երբեմն-երբեմն հավակնում են բենեֆիսային կոչվելու: Ներկայացումներում երբեմն ինքնաբուխ գլուխ է բարձրացնում իսկական և խոր, պարզ ու տպավորիչ, մի առանձնակի դերասանախաղով հանդիսատեսին ներկայանալու պահանջը:
«Սատանայի խաղերը» Գուժ Մանուկյան դերասանի փոքր բենեֆիսը կարելի է համարել: Փոքր՝ ոչ երբեք կատարման առումով։ Պարզապես Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատի- կական թատրոնի առաջատար դերասան Գուժ Մանուկյանի ստեղծագործական հնարավորորությունների համեմատ ֆրանսիացի ժամանակակից թատերագիրների երեք փոքրածավալ պիեսները և այդ պիեսների «Սատանայի խաղեր» վերնագրով բեմադրությունը շատ համեստ են թվում։ Գուժ Մանուկյանը ողբերգական մեծ կրքերի, հուժկու խառնվածքի դերասան է և խարակտերային ներկապնակը, այն էլ ոչ նշանակալի խաղացանկում, դերասանի արվեստի սոսկ մեկ գույնն է ներկայացնում: Սակայն, ի պատիվ դերասանի, ներկայացումը դառնում է բենեֆիսային: Եվ այսպես՝ «Սատանայի խաղեր», որը կազմ ված է ԳեՖուասեիի «Հոր ճառը», Կլոդ Ֆորտյունոյի «Հեռակա ավտոուսուցում» և Միշել Ֆոռի «Սատանայի խաղեր» պիեսներից: Երեք նովելից բաղկացած այս ներկայացման մեջ Գուժ Մանուկյանը երեք տարբեր կերպար է կերտում. Հայր, Հրահանգիչ, Ֆերմեր Շյուտո։ Թերևս ճիշտ է ընտրված ներկայացման վերնագիրը՝ հատկապես «Սատանայի խաղեր», քանզի երեք գլխավոր դերերում էլ Գուժ Մանուկյանը հայտնվում իսկական խաղի, այն էլ սատանայական խաղի մեջ։ Երեք տարբեր պատումներում դերասանը կարողանում է անճանաչելիորեն կերպարափոխվել, բայց և միաժամանակ պահպանելով խաղի այն հիմնական ներքին տրամադրությունը, որը միավորում է նրա երեք հերոսներին, իրար շղթայում երեք փոքրիկ պիեսները: Այդ հիմնական, թերևս գորշ ու աղքատիկ ինտերյերում (նկարիչ՝ Կ. Գրիգորյան) ծավալված խաղի էքստազն է, որի ուղեկիցն է դառնում հեգնանքը, իրոնիան:
Խստաբարո Հայրը վերջապես որոշում է զբաղվել վաղուց արդեն ոչ պատանի իր որդու դաստիարակությամբ: Որդին (Ա. Խրիմյան) պատումի լուռ կերպարն է, որի միակ զբաղմունքը, ինչպես ձևակերպում է Հայրը, «շնչելն ու արտաշնչելն է»։ Երկարավարս որդին, արևելյան երաժշտությանն ունկնդիր՝ յոգային վարժություններ է կատարում։ Շրջապատող «օբյեկտիվ» աշխարհը, ասես, գոյություն չունի նրա համար: Գ. Մանուկյան-Հայրը, որը խոժոռ դեմքով բեմ էր եկել որդու հետ նրա ապրելակերպի մասին զրուցելու, սկսում է պասիվ վրդովմունքից, որն արտահայտվում է դերասանի խոսուն միմիկայում, և անցնում իսկական խոսքային գրոհի: Նա փորձում է իր կյանքը վերհիշել և իբրև ընդօրինակելի ներկայացնել որդուն: Սակայն դերասանն այնքան անկեղծ ու ճշմարտացի է ներկայացնում շարքային աշխատողի միապաղաղ, չարքաշ կյանքը, որ «երանելի» հիշողությունները հնչում են որպես իսկական բողոք-դժգոհություն: Իր պաթետիկ մենախոսությունը Հայրն ավարտում է բարձրում տեղադրված աստիճանավանդակի վրա: Հայրը ներս է մտնում դռնից: Լսվում է սանհանգույցի ջրի ձայնը: Հայրը հանդարտված իջնում է աստիճանավանդակից. Գ. Մանուկյանի հերոսը պարզորոշ հանձնվում է: Որդին որ- սում է պահը և երկար վարսերով կեղծամը հագցնում հոր գլխին: Այս անգամ արդեն հայր ու որդի են սկսում երաժշտության տակ երկրպագել արևելյան կուռքերին: Եվ հայրը դառնում է որդու «սատանայական խաղի» գերին:
Ներկայացման երկրորդ պատումը՝ «Հեռակա ավտոուսուցում», դարձյալ խաղ է, այս անգամ արդեն նախաձեռնողը Գուժ Մանուկյանի հերոսն է: Դերասանի նոր հերոսը ավտոդասընթացների հրահանգիչ է՝ կաշվե բաճկոնով և գլխարկով, բեղերով և ակնոցով, դիպլոմատն ու մեքենայի ղեկը (իբրև մասնագիտական դետալ) ձեռքին: Հրահանգիչն էլ նախորդ Հոր նման պոռթկուն բնավորություն ունի: Սակայն դերասանն այս անգամ իր ուշադրությունը սևեռում է գործողությունների կոմիզմին: Ուսուցիչն ու Աշակերտը (Ա. Խրիմյան) եռանդով վարում են ենթադրվող ավտոմեքենան և խաղի սկիզբը դնում։ «Ուսուցիչ» Գուժ Մանուկյանը, ինքնավստահ ու հրահանգչի իր չնչին պոստում ինքնիշխան, գիտե գնահատել կյանքի հաճույքները և կենսասեր մարդ է: «Ավտովարման» ընթացքում նա ավելի շատ զարմացնում է, քան զարմանում: Սակայն խաղը իր վրա է ընդունում Աշակերտը: Վերջինս մի այնպիսի ազարտի մեջ է ընկնում, այնպիսի ոգևորվածությամբ է խաղը շարունակում ու զարգացնում, որ այս անգամ արդեն Գուժ Մանուկյանի հերոսն է զարմանում և զարմանքից շփոթվում: Երկչոտ աշակերտը աստիճանաբար այնպիսի ինքնավստահություն է ձեռք բերում, առաջադրված խաղի երևակայական հանգամանքները այնպես ջանասիրաբար է իրականացնում, որ ուսուցչին իր իսկ կազմակերպած խաղի գերին է դարձնում։ Գ. Մանուկյանի հերոսը դարձյալ իրեն զգում է պարտված: Սակայն կարևորը ոչ թե այդ պարտությունն է, այլ դիմացինի «հաղթանակը», այսինքն՝ զարգացող խաղի ընթացքն ու տարերքը։
«Հեռակա ավտոուսուցման» տեսարանում Գուժ Մանուկյանը աֆեկտիվ, մնջախաղային գործողությունները համեմում է անկեղծ ու իսկական հումորով, սրամտությամբ: Այդօրինակ գործողությունների լուրջ մրցություն է գնում նրա և աշակերտի միջև: Երբ աշակերտը բարձրացնում է մեքենայի «լուսամուտները», Գուժ Մանուկյանի հայացքը աներևակայելի վերև է բարձրանում: Հրահանգիչ Մանուկյանը սակայն իրեն չի կորցնում, իր հերթին իջեցնում է «լուսամուտները»՝ հայացքը համապատասխան բարձրության վրա, լուրջ ու կենտրոնացած:
Դերասանի կերտած երրորդ կերպարը ծեր ֆերմեր Շյուտոն է: Նախորդ երկու կերպարներից սա ավելի չոր ու խիստ է, գյուղական աշխատանքի մեջ կոշտացած ու կոպտացած անձնավորություն: Դերասանն իր կերպարը ներկայացնում է կենցաղային հյութեղ գույներով, չվախենալով գռեհիկ երևալ բեմից։ Շյուտոն «թքում է», «խնչում է», աթոռ է շպրտում։ Եվ միշտ շրթունքը նկատելի դուրս պրծած է՝ դժգոհ ու նեղսրտած: Այսպիսի հասարակ ու վայրի բնութագրով մարդուն սատանայական խաղ է առաջարկում էլեգանտ հագնված մի անձնավորություն՝ Լյուբորդը (Գ. Գաբրիելյան)։
Անձնական օգտագործման ատոմային ռումբ ունենալու գաղափարը, որ սկզբից այդ մռայլ գյուղացուն քահ-քահ քրքջալու առիթ է տալիս, քիչ անց հափշտակում է այնպես, որ կուտակած միլիոնները առանց դույզն-ինչ ափսոսալու նա փոխում է այդ ռումբի հետ: Պատճա՞ռը: Պատճառը հարևան Գուստավն է, որից վրեժ լուծելու միտքը գիշեր-ցերեկ հանգիստ չի տալիս ծերուկին։ Գ. Մանուկյանի Շյուտոն այնպես է ոգևորվում ռումբով, որ նույնիսկ այն փորձարկելու համար անզգույշ և անհեռատես նախապատրաստություն է տեսնում, մի լավ վախեցնելով ոչ միայն իր տիկնոջը (Է. Շահինյան), այլև ինքն իրեն... Եվ Շյուտոն, որ թանկարժեք ռումբը գնել Էր հարևանին իր ֆերմայով հանդերձ հօդս ցնդեցնելու համար՝ մեկեն խաղաղվում է: Սակայն քիչ անց նրա անդորրը դարձյալ խախտում է նույն Լյուբորդը, որը ներս է մտնում և մի նոր ռումբ առաջարկում իր գնորդին։ Գուժ Մանուկյանի հերոսն այս անգամ վռնդում է նրան, սակայն միևնույն է՝ պարտվողը ինքն է: Շյուտոյին սթափեցնում և մի տեսակ խեղճացնում է իր կնոջ ներշնչած վախը՝ թե ռումբը կարող է ձեռք բերել նաև այնքան ատելի հարևան Գուստավը: Եվ Շյուտոն, որը պատրաստ էր անկողին մտնել ռումբը երկու ձեռքով գրկած, շվարում է, իրեն զգում իսկական ծուղակի մեջ: Ահա այսպես՝ սատանան լուրջ փորձությունների է ենթարկում Գուժ Մանուկյանի հերոսներին: Դերասանը կողքից, առանց չարության, մի լավ հեգնում է իր «փոքր» և չնչին կերպարները:
«Սատանայի խաղեր» ներկայացումը՝ ապրում և շնչում է Գուժ Մանուկյան դերասանի հմուտ խաղի շնորհիվ: Դերասանը ցուցադրում է կերպարը խորքով զգալու, այն ամենատարբեր արտահայտչամիջոցներով հարստացնելու, վայրկենապես կերպարանափոխվելու և նուրբ հումոր հանդես բերելու իր մեծ վարպետությունը: Այս ամենի շնորհիվ նա «փրկում է» և բեմադրությունը (Ա. Արաքսման-Մանուկյան), որը նյութի հետ միասին, մի տեսակ, նեղ ու փոքր է գալիս դերասանին: Այսպես է ընթանում դերասանի փոքր բենեֆիսը Դրամատիկական թատրոնում, որի օժտվածությունն ու տաղանդը հավակնում են, ինչ խոսք, իսկական մեծ բենեֆիսի:
Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛, 1993թ.