Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

ԿԱՐԵՎՈՐԸ Ա՛ՅՆ ԹՌԻՉՔՆ Է, ՈՐԸ ԿԱՆԵՆՔ Ե՛Ս, ԴՈւ՛ ԿԱՄ ՆԱ՛

Ամերիկացի դրամատուրգ Թեննեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին»-ը այն պիեսներից է, որը բեմադրելով, թատրոնը փորձություն է անցնում, ստուգում ինքն իրեն, իր ուժերը: Այս պիեսի բեմադրությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի համար իր գործունեությունը վերանայելու, վերարժևորելու առումով մարտահրավեր է ինքն իրեն: Մարտահրավեր է, այո´, որովհետև մենք այս հեղինակի ստեղծագործությունների մեկնաբանման համաշխարհային այնպիսի օրինակներ գիտենք, որոնք ուզես թե ոչ իրենց կնիքն են թողնում ու պարտադրում, որ այդ ցուցանիշը քեզ համար դառնա չափման միավոր: Մյուս կողմից նման հեղինակները օգնում են թատրոնին իր ունեցած ողջ ներուժը տանել ստեղծագործական զարգացման ճանապարհով, դրա միջոցով ծանոթանալ գեղարվեստական այլ սկզբունքների, բախվել բարդությունների, աշխատել իրենց վրա՝ նորից ու նորից: Իմ ու քո մասին… երևի 

Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի այս ներկայացումն իմ, քո, նրա մասին է, մեր բոլորի փոխհարաբերությունների մասին է, միմյանց արժևորելու մասին, խոսելով միայնությունը հաղթահարելու, կապանքներից ազատվելու, մտատանջությունը բարձրաձայնելով անդունդի տարբեր եզրերին գտնվող մարդկանց կամրջելու մասին է: Բեմադրության մեջ հիմնականում Դ.Հարությունյանը հավատարիմ է մնացել պիեսի հեղինակին, ցուցումներին: Տեղ-տեղ նկատելի է, որ գլուխ են բարձրացրել սեփական ընկալումները, դիրքորոշումը, բայց դրանից առանցքային հնչեղությունը չի փոխվել: Բեմադրիչը իր ներկայացումը սկսում է հերոսներին որոտների ու երաժշտական վտանգավոր հարվածների ներքո բեմ բերելով: Ստեղծվող կոմպոզիցիան ներկայացնում է մեկ գերդաստանի երեք տարբեր ընտանքիների անդամներին՝ բժշկի, հոգևորականի հետ միասին: Թվում է՝ բեմադրիչը այս հերոսներին զույգերով է ներկայացնում, որովհետև, երբ փորձում ես տարանջատել, դժվարանում ես սահմանաբաժան գծել, քանզի նրանք յուրատեսակ կերպով միահյուսված են, ասես մեկը բխում է մյուսից: Հաջողված մտահղացում է և ինչ-որ տեղ սա նաև շեշտում է ընտանիքում առկա պառակտությունը, անտարբերությունը և միմյանցից բաժանված լինելու խնդիրը: Ռեժիսորին հաջողվել է այսքան բարդ ու նուրբ խնդիրների մասին բեմական պարզ լեզվով խոսել: Նա չի ծանրաբեռնել բեմը, չի հրապուրվել ու ներկայացումը հագեցրել արտաքին էֆեկտներով, առավել շեշտել է դերասանների աշխատանքը, ինչն էլ անշուշտ պարոն Ուիլյամսին դուր կգար: 

Հոգեբանական շատ նուրբ անցումներով, դժվար հոգեվիճակներով են անցնում Մեգգի-Բրիկ զույգը: Նրանց հաջողվել է միմյանց զգալով խաղընկերոջը ներքաշել իր խաղատարածք: Նրանց փոխհարաբերությունը բախումների մեջ է՝ սևի ու սպիտակի այն շարունակվող հերթագայությամ, որ ձևավորման մեջ այնքան զուսպ ու ճաշակով ներկայացրել է Գարեգին Եվանգուլյանը: Սիրանուշ Լազյանը հնարավորինս զուսպ արտահայտչամիջոցներով է ներկայացնում իր հերոսուհուն: Նրա համար առանցքային խնդիրը խմիչքի մեջ փարատվող ամուսնուն սթափեցնելն ու իրենց միասնությունը ինչ գնով էլ որ լինի պահպանելն է: Ընտանիքի այլ անդամների հետ փոխշփումներում նկատելի է, թե ինչպես է նա կատվային իր վարքագիծը կտրուկ վագրի դարձնում: Մեգգին պայքարում է, նա ինքնահոսի մատնված շրջապտույտներից հոգնել է վաղուց: Դերասանուհու խաղի բարձրակետերից է այն տեսարանը, որտեղ նա խոսում է իր անցյալի մասին, երազային, քնուշ ու հավատով լի հայացքով է, ու դու տեսնում ես որ այդ օրերի Մեգգի համար կյանքը այսպիսին չի եղել: Մի տեսակ շատ հետաքրքիր մոտեցում ենք նկատում, կարծես դերասանուհին նոր գիծ է առաջարկում իր կերպարի մեկնաբանության մեջ:

Մեզ թվում է,  թե Ս. Լազյանը Մեգգին մեկ անգամ արդեն իսկ ստիպել է ցատկել այդ տանիքից և դա հերոսուհու ամուսնությունն էր՝ կյանքը հարստությամբ զարդարելու հաշվարկով: Մեզ համար վճռական, հաղթելու պատրաստ, կրքոտ Մեգգին շշերը դուրս նետելու տեսարանում բոլորովին նոր կերպով է և ներկայանում, որտեղ նա իր պայքարի հաջողության հավատով լի փարվում է ամուսնուն: Կերպարը խորքային ներկայացնելու առումով գտնված վճիռ է դաշտային ծաղիկների փոքրիկ փնջերով պարը, որը առիթ է տալիս մտածելու մարդկային էության անհասկանալի կողմերի մասին: Սա վկայում է բեմադրիչի կողմից դերասաննների հետ ճիշտ աշխատելու մեթոդի մասին և դա Դ. Հարությանի ձեռքբերումն է: 

Բրիկը (Անդրանիկ Հարությունյան) ներկայացման ողջ ընթացքում, ասես իր համար հենակ է դարձրել ոչ թե առարկա հենակը, այլ՝ խմիչքը: Շնչակտուր ու խեղդվողի կերպով նետվելով դեպի այն՝ այդպես էլ չի հագենում: Հենց Մեգգին շիկացնում է ու բախում հրահրում կամ Սքիփրի անունը տալիս Բրիկը փախչում է դեպի խմիչքների դարակաշարը: Այս հերոսը կորցրել է ապրելու իմաստը, նպատակը, որին կարող էր ձգտել: Սիրելի ընկերոջ մահը, ստացած ոտքի վնասվածքը զրկել են նրան սեփական քայլերով կյանքը շարունակելու ցանկությունից: Բեմառաջքում խոշոր ոտնաթաթի էկորշեն հենց այս իրողության մեկնիչն է դառնում: Մեզ համար դերասանը հետաքրքիր է այն տեսարանում, երբ հատակին նստած գլուխը ուժասպառ հենում է աթոռակին ու մի կետի սևեռած աչքերում ասես տեսնում ենք տառապանքի, անզորության, մեղավորության փայլատակումներ: Երկու անգամ դերասանը վերպետորեն կարողանում է իր հերոսի համար առանցքային տեսարանները օրգանական ներկայացնել: Մեկը՝ դա հոր հիվանդության մասին լուրն է, որը ցնցում է նրան ու հանում անտարբերության թմբիրից, մյուսը՝ երբ լսում է, որ հայր է դառնալու: Կերպարի մեկնաբանման գտնված միջոցներից է նաև բեմեզրին մեջքով դեպի հոր մասին գույժն իմացած ողբացող մայրն ու մյուսները շրջված Բրիկի՝ անտարբերությամբ քթի տակ երգելը: Պետք է ընդգծել նաև այն հանգամանքը, որ ստեղծագործական թիմը բեմում աշխատում էր կոկիկ: Որքան որ անփույթ էր կրում Բրիկը իր լայն տնային վերնազգեստը, այնքան կոկիկ էր այն ներկայացնում Ա. Հարությունյանը:

Մեյի-Գուփր զույգը լրացնում են միմյանց, գաղափարակից են, միևնույն արժեհամակարգով: Շուշան Ղազարյանը զվարթ արտահայտչամիջոցներով է ներկայացնում բազմազավակ մայրիկի կերպարը: Առանց վախենալու իր մեծ փորով այնպես է ցատկոտում, աճապարում բարձրակրունկները հագին, որ անհանգստությամբ ես համակվում: Մեյին շատ հետաքրքիր է նաև այն փոքրիկ կտորներում, որտեղ նեղն ընկած պահերին փորի օգնությանն է դիմում, կամ դեռ չծված փոքրիկին ևս ներկայացնում որպես բաժնետեր: Սամվել Դանիելյանի հերոսը կնոջ ստվերում է: Այս պորտֆելով պարոնը կնոջը թևանցուկ շրջում է, ինքնաբավ է, շահամոլ: Սահուն անցնում է հոր հիվանդության ու եղբոր չստացված կյանքի վրայով: Գուփրը ճարպկորեն մեկ խույս է տալիս մեկ նախահարձակ լինում՝ սողունին հատուկ արտահայտչամիջոցներով: Ժառանգության բաշխման տեսարանը ևս ամուսինների կերպարների բացահայտման միջոց է դառնում, որտեղ նրանք անգղերի նման պտտվում են, ասես փորձում որքան հնարավոր է շատ ակր հող ճանկել:

Ձևավորման մեջ նկարիչը գուցե գրաֆիկ-դիզայներ Արվին Քոչարյանի հետ համատեղ է հերոսների ներաշխարհից «դուրս բերել» ու բեմում իրեղեն տեղակայել այլաբանական պատկերներ: Դրանք ասես դժբախտ հերոսների սառեցված ցանկությունների, ընդհատված երջանկության դժգույն, խոշոր վկաներ են: Զգեստների ձևավորումը /նկարիչ՝ Լիլիթ Մելիքյան/ զուսպ է, ակնահաճո: Հոբելյարի տոնական կոստյումը՝ շքեղ ճարմանդով, կանանց երեկոյան զգեստները, փոքր գլխազարդ-գլխարկները 20-րդ դարի պարոն ամերիկացուն անշուշտ պատշաճ կթվային: 

ՀՀ Վաստակավոր արտիստ Արտաշես Շահվերդյանը շատ հետաքրքիր է հատկապես այն տեսարանում, երբ վիսկիի բաժակը դատարկելուց հետո որոշում է վայելել կյանքը: Տեսնել է պետք, թե որպիսի վարպետությամբ է նա ներկայացնում իր ցանկասիրությունը: Նա բեմի մի ծայրից մյուսն է անցնում՝ ցատկոտելով և վեր պարզած ձեռքերով: Ներկայացման համար առանցքային տեսարաններից մեկում՝ երբ իմանում է իր հիվանդության ճիշտ ախտորոշման մասին դերասանը այնպես վարպետորեն է ապաստան գտնում որդու գրկում ու հեկեկում, որ դա ինքնստիքյան սթափեցնող խթան է դառնում Բրիկի համար: Ա. Շահվերդյանը ի ցույց է դնում իր ուրախությունը՝ միմյանց հետ խոսելու առիթով: Նա ճառագող դեմքով է, զվարթ է, վախի արտահայտությունն ու արցունքը չքացել են նրա դեմքից:

Ռեժիսորական հետաքրքիր մտահղացումներից է բեմի ետնամասում սրված ականջներով բառ որսացողների ստվերների խաղարկումը: Տեղ-տեղ դրանց կիրառումը հակադրության մեջ է մտնում տեղի ունեցող բախումների հետ ու, ասես, միջանցիկ քամու ալիք ներս բերում: 

Բրիկի մորը ՀՀ Վաստակավոր արտիստ Անահիտ Բաբելյանը ավելի կարեկցող ու հոգատար գույներով է ներկայացնում: Ասես, դերասանուհին ինչ-որ տեղ հաշտ չէ իր հերոսուհու հետ և հենց դա էլ դառնում է այն գտնված հոգեբանական խնդիրը, որը օգնում է կերպարը ստցաված ներկայացնելուն: Նկատելի է, որ Ա. Բաբելյանը առավել շեշտում է որդուն գուրգուրելու տեսարանները, նրա համար իր չստացված կյանքում հենց որդու նկատմամբ ունեցած սերն է կռվան դառնում: Տառապած է նրա հերոսուհին, մի ողջ կյանք անսեր է ապրել ու ասես փնտրում է իր հետագա գոյությունն արդարացնող ուղի: Հաջողված ու հյութեղ է և ՀՀ Վաստակավոր արտիստ Արա Մաթևոսյանի Քահանան: Դերասանը վարպետորեն արտիստիկ շարժումներով, իր շահի տեղն իմացողի նիստ ու կացով է՝ իր գնալու ու մնալու պահերը հաշվարկած: Պարտականություն դարձրած «Թող Աստված պահապան լինի» արտահայտությունը աճապարողի կեցվածքով արտաբերելիս զգացվում է, որ դերասանը որքան հաճույքով է ներկայացնում հոգևորականին:

Բժիշկը (Սամվել Օհանյան), ում մուտքը ռեժիսորը հատուկ մռայլ գույժի հնչյուններով է կազմակերպում՝ զուսպ է, սառնասիրտ ու հավաք, առանց ավելորդ հուզականության, գործի գիտակի կեցվածքով: Մուգ ապակիներով ակնոց էլ կարծես կրում է, որ առավել հարևանցի երևա, ավելի մեկուսի ու միջավայրին չձուլվող: Դերասանը խնամքով մշակել է իր հերոսի յուրաքանչյուր շարժումը, չի մոռացել նաև անտարբերության դրոշմել նրա դեմքին ու շարժումներին մի քիչ շտապողականություն հաղորդել, որը շատ տեղին է:

Ներկայացումը դիտելիս տպավորությունն այն է, որ այս ընտանիքի տոհմածառի արմատները սիրով չեն սնվել, ուստի ճյուղերը չորանում են անընձյուղ ու անծաղիկ: Այդ առումով ստացված է նաև այս զույգի վերջին՝ անկողնու տեսարանը: Շատ նուրբ է այն սահմանը, որտեղ համբույրը, գրկախառնությունը կարող է բերել մելոդրամատիկ երանգ, բայց այստեղ կենցաղային ոչինչ չկա և տեսարանը սիրո հաղթանակի մասին է՝ մահը, կործանումը արժեզրկող, ապագայի հավատով: 

Ներկայացման առաջնախաղը համոզիչ էր, հաջողված: Ճիշտ է, դեռ այն ճանապարհ ունի անցնելու, դեռ դերասանների ու հանդիսատեսի հանդիպումները փոփոխություններ կծնեն: Վստահություն ունենք, որ թե´ Մեգգիի և թե´ Բրիկի դերակատարները ժամանակի ընթացքում իրենց բարդ հերոսների հոգեբանական այլ շերտեր կբացեն, ավելի խորքային կհասկանան ու կներկայացնեն նրանց անշու՛շտ:  Դավիթ Հարությունյանը իր այս բեմադրությամբ փաստեց, որ մասնագիտական որոնումների ի´ր ուղին ճիշտ է, որ իրենք կարող են ստեղծագործական բարձր թռիչքներ անել, քայլել ժամանակին համընթաց, խոսել ինձ ու քեզ հուզող և մեր ներկայի մեջ ծառացած հարցերի մասին: Խոսել այնպե՛ս, որ հեռանալիս մտորե՛ս, որ հեռանալիս հասկանաս ա՛յն, որ բնավ էլ կարևոր չէ, ով է այդ շիկացած տանիքին, ե՞ս եմ, թե՞ դու, թե՞ նա: Կարևորը ա՛յն թռիչքն է, որը որ կանենք՝ ե՛ս, դու՛ կամ նա՛:

13.08.2024

Նյութի աղբյուրը՝ ԱՎԱՆԳԱՐԴ պարբերաթերթ 28.06.2022

138 հոգի