28.11.2020 03:03
Համազգային թատրոնի «Չեխովյան կատակները» ներկայացնում է անվանի հեղինակի երկու վոդեւիլային մանրապատումները` «Արջը» եւ «Հոբելյան»: Ներկայացումն ունի երկու բեմադրիչ` Սոս Սարգսյան («Արջը») եւ Հրաչյա Գասպարյան («Հոբելյան»): Ներկայացումն իր բնույթով եւ մեկնակետով ամբողջական է` չնայած ստեղծագործությունների եւ ռեժիսորների տանդեմային միավորման փաստին: Խաղ եւ հեգնանք: Սրանք են այն մոտեցումները, որոնք կիրառել են բեմադրիչները` չեխովյան երկու փոքրիկ գործերը մի երեկոյի ընթացքում միավորելով:
Համազգայինի «Չեխովյան կատակները» բաղկացած է երաժշտական երկու թեմայից` վալս («Արջը») եւ կադրիլ («Հոբելյան»): Առաջին մանրապատումը սկսվում է վալսի հանդիսավոր եւ համաչափ հնչող երաժշտությամբ եւ ավարտվում է նույն մեղեդու գլխապտույտ, մաժորային արագությամբ: Երկրորդ պատումը բացվում է անհոգ ու կայտառ կադրիլով եւ փակվում է նույն կադրիլի տագնապ արթնացնող դանդաղ ընթացքով: Եթե վերծանելու լինենք ներկայացման երաժշտական նոտաները, ապա պարզ կդառնա նրա ասելիքային ենթիմաստը, որը պարզապես վերցված է մեր կյանքի անբացատրելի ընթացքի շրջապտույտից. սգով շղարշապատված սպասումին հաջորդում է երջանիկ հանդիպումը, կառուցապատված ուրախ սպասումին` հուսալքումն ու տագնապը, մարդկանց կամքից անկախ` ճակատագրեր են հյուսվում: Եվ քանի որ պատկերը շատ ծանոթ ու կրկնվող է, հուսադրող ու հուսալքող, ապա բեմադրիչներն առաջարկում են իրավիճակներին հեգնանքով մոտենալ` բազմերանգ տրամադրությունների ու ցանկությունների հակադարձվող ընթացքը մատուցելով թատերային խաղի մեջ առնված:
«Արջը» դերասանուհի Նարինե Գրիգորյանի բենեֆիսային ներկայացումը կարելի է համարել` շնորհիվ մեկ շնչով ընթացող, հուզաթով խաղի: Չեխովի այրի կալվածատիրուհի Ելենա Իվանովնան, որ երդվել է ամբողջ կյանքում սուգ պահել ամուսնու հիշատակին, վոդեւիլի վերջում ամուսնու պարտատիրոջ գրկում է հայտնվում` երկարատեւ համբույրներով: Պոպովա - Ն. Գրիգորյանը իր խաղը սկսում է լույսի շրջանակի մեջ` կիթառը ձեռքին, տխուր ռոմանս կատարելով: Լույսի շիթը լոկալ ներկայացնում է նաեւ պատի դիմանկարը: Միայն թե, չգիտես ինչո՞ւ, հանդիսատեսը հանգուցյալի փոխարեն դիմանկարի մեջ Չեխովին էր ցանկանում փնտրել: Սգո շրջազգեստը հանդիսավոր շուքով կրող Ն. Գրիգորյանի հերոսուհին, սկզբից ի վեր, իր ներքին մղումների ու արտաքին վարքականոնի պայքարի մեջ էր. մենաստան բառը լսելիս լրջորեն սարսափում էր եւ անմիջապես էլ պաթետիկ կեցվածք ընդունում` զոհաբերության պատրաստ, առաջին իսկ այցելուի մասին լուրն առնելիս վարագուրված հայելու արանքից իրեն էր նայում ու արագ շպարվում: Սգո երդվյալ տիկինը անակնկալի է գալիս, երբ իր առանձնատուն ուրիշ տրամադրություն է ներխուժում` այցելուի կոպիտ, պահանջատիրական նկրտումներով: Սակայն հերոսուհին չի նահանջում, նույն իր տրամադրության մեջ` հանպատրաստի խաղ է նրան առաջարկում: Թվում է, թե ձիու սանձը ձեռքին, կեղտոտ սապոգներով պորուչիկ Սմիրնովը (Մ. Ավետիսյան), որ անսպասելի այցով խախտել էր «միանձնուհու» անդորրը, չէր կարող նույնիսկ արժանի հանդիսատեսի կարգավիճակում հայտնվել, ուր էր, թե` գործող անձի: Նա միանգամայն ուրիշ օպերայից է: Սակայն Ն. Գրիգորյանի հերոսուհին, կանացի հմայքների ու քմայքների թաքնված զինանոցը գործի դնելով, ջանում է չկորցնել նրան` գոնե որպես հանդիսատես: Այն, որ ամուսինը նրան փող էր պարտք, եւ որ այդ փողը անհապաղ էր անհրաժեշտ հերոսին, իսկ նա երկու օրից է պատրաստվում գումարը վերադարձնել, քանի որ տրամադրություն չունի, Պոպովա - Ն. Գրիգորյանի կառուցապատած բենեֆիսային խաղի անկարեւոր սյուժետային հիմքն է դառնում: Կարեւորվում է խաղը, որ դերասանուհին ծավալում է` տեքստը, շարժումը երաժշտություն դարձնելով, ուշաթափության տեսարանով, հանդիմանանքը ցանկասիրության հնչերանգներով բարձրաձայնելով, ընթացքում «խաղընկերոջ» գտնելով ու զննելով, նրա զայրույթը հրապուրանքի վերածելով եւ ի վերջո` խաղի կանոնների ընթացքը նրան հանձնելով:
Մ. Ավետիսյանի հերոսը իր հախուռն խառնվածքով իսկը կոշտ ու կոպիտ «արջ» ասես լինի` հերոսուհու բնորոշմանը համաձայն: Չեխովի հերոսը մի բաժակ օղուց հետո է խոստովանում, որ հրապուրվել է այրի կնոջով: Ներկայացման մեջ բեմադրիչը շեշտերը փոխում է. հերոսների վերջնահամբույրը բերում է առաջ, եւ ստացվում է պատահական համբույր-մղում, որը երկուստեք ապտակներով եւ ինքնաբացահայտումներով է ավարտվում: Այդպիսի հանգույցից ելնելով` կարելի էր կոտրել հերոսի ինքնակենտրոնացումը` թույլ տալով նրան տեսնել ու հիանալ կնոջ խարդավանքով: Շրջադարձային այս պահը, ափսոս, որ դերասանի կողքով է անցնում. Ն. Գրիգորյանի հերոսուհուն Սմիրնով - Մ. Ավետիսյանը առանց բացահայտված հիացմունքի է նվաճում: Մինչդեռ հնարավոր չէր չհիանալ Նարինե Գրիգորյան-Ելենա Իվանովնայի կոկետ խաղի փոփոխական` ասես քամելեոնային դրսեւորումներով, կանացի շողարձակող հմայքով:
Երկրորդ մանրապատումը` «Հոբելյանը», չկայացած տոնի մասին է: Տոն, որ ուզում էր ստեղծել սովորական մի բանկատեր` Շիպուչին (Կ.Բալյան) ազգանունով` բանկի տասնհինգամյա հոբելյանի առթիվ: Ներկայացումն ընթանում է տոնական մաժորային տրամադրությամբ, հստակ գծագրված ռիթմիկ պատկերներով, խաղարկային պայմանականությունների լեզվով: Առաջին հայացքից աչք էր զարնում այսօրվա համար ճաշակով, իսկ քսաներորդ դարասկզբի համար բուլվարային ձեւավորված ինտերյերը (նկարիչ Դ. Մինասյան)` հյութալի կանաչ հատակով եւ դեկադանս շրջանի ազդագրերով ու տուլուզլոտրեկյան կնոջ պատկերով: Միայն թե, հաշվապահ Խիրինը (Գ. Մինասյան) տարօրինակ նարնջագույն պիջակով էր ու վալենկաներով, մրսած էր ու մռայլ` ի հեճուկս սպասվող տոնակատարության: Սակայն երեք, զրո, զրո թվերն արտասանելիս նա դառնում էր բամբակի պես թեթեւ ու դասական պարային շարժումների հավակնությամբ, անթաքույց հրճվում էր իր «աշխատած» զեկույցի դիմաց երեք հարյուր ռուբլի պարգեւատրում ստանալու հեռանկարով: Որտեղից-որտեղ կուլիսներից հայտնվում էր ձեռքը եւ նրան հրացան տալիս: Հետեւում էր կրակոցը, որ հրավառության էր հավասարազոր: Ոչ այնքան Խիրին - Գ.Մինասյանի տեսքն ու հրճվանքն էր սպասվող հատույցի նկատմամբ անհամապատասխան ու արտառոց թվում, որքան` դնովի, դեպի վեր ոլորած սեւ, երկար բեղերը: Սակայն, երբ հայտնվում էր բանկի կառավարիչը` երեկոյան ֆրակով եւ նույն դնովի երկար, սակայն ներքեւ իջնող սպիտակ բեղերով, ու զուգապար էր սկսվում նրանց մասնակցությամբ, հասկանալի էր դառնում, որ բեմադրիչը «հոբելյանական» խաղ է կազմակերպել` կլոունադայի օրենքների համաձայն: Թե՛ Կ. Բալյանը, եւ թե՛ Գ. Մինասյանը խաղում էին թեթեւ, անբռնազբոս, իրենց հերոսներին ոչ թե կքելով, այլ փոքր-ինչ փայլ տալով, այդպիսով խորացնելով աբսուրդային իրավիճակը, երբ սպասվող տոնը իրարանցման, խառնաշփոթի էր վերածվում: Սկզբից եւեթ գլխավոր հերոսը անհանգիստ էյֆորիկ վիճակների մեջ էր (նվերներ էր գնել ու ինքն իրեն շնորհավորանքներ գրել). մեկ նրան թվում էր, որ արդեն ծափահարում են իրեն, շրջվում էր ու գլուխ էր տալիս, մեկ նրա աչքին` անցանկալի ժամի հայտնված, փողախնդիր Մերչուտկինան իր կրկնօրինակով էր երեւում (բեմադրիչի կամոք ներկայացման մեջ նրանք վեց օրինակից էին), մեկ էլ անպատեհ հայտնված իր տիկինը պայթյունավտանգ էր թվում այն աստիճան, որ նրա մեկնած մուրաբայից բեմադրիչը իսկական boom է ստեղծում` փուչիկների հրավառությամբ ու մարդկանց խուճապահար անցուդարձով: Ըստ բեմադրիչի` անհաջողությունների իսկական պատճառը ոչ թե դրսում, այլ Շիպուչինի բաճկոնի ներսում էր թաքնված, որը առաջին իսկ մուտքից այնքան անհանգստացնում էր հերոսին: Եվ չնայած Շիպուչինը սկզբից եւեթ հայտնաբերում է թաքնված բմբուլը եւ դեպի օդ է փչում, սակայն ներկայացման վերջում հրացանի կրակոցից այն հարյուրապատկված նրանց գլխին է թափվում: Երկնքից իջնող փետուրները պար են բռնում չստացված տոնակատարության ունայնության մեջ: (Կարծում եմ` բեմադրիչի միտքն ավելի ակնհայտ կլիներ, եթե նույն չնչին բմբուլը արտառոց մեծ չափսերի լիներ` ներկայացման որդեգրած պայմանականությունների ոգով): Ակամայից հիշում ես ողջ ձախորդություններն ու խառնաշփոթը: Ներկայացման վերջում կադրիլը դանդաղ ու դժվարությամբ է հնչում...
P.S. Այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Գրիգորյանը` Նատալյա Իվանովնայի դերակատարման համար, իսկ «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին արժանացել է Հրաչյա Գասպարյանը` որպես «Հոբելյանի» բեմադրիչ:
Նյութի աղբյուրը` «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ, #63, 2010-04-09