Արձանները, սովորաբար, գիտեն իրենց տեղը. նրանք ամուր կանգնած, նստած, պառկած... մի խոսքով՝ դիրքավորված են ամենքն իր հենարանին։ Այս մեկը՝ քայլում է։ Մի ոտքը դեռ հենված է պատվանդանին, մյուսը՝ արդեն կախված է անդունդի վրա, որտեղ նրան և տանում է անկասելի ոգևորության, ինքնամոռացության թափը... Ձեռքում՝ դրոշակափայտն է, իսկ ծածանվող դրոշը ծածկում է նրա դեմքը՝ ամբողջովին զրկելով դիմացը տեսնելու հնարավորությունից։

Այսպիսով, նա դեմք չունի... Չունի անուն։ Չունի գույն... Ավելի ճիշտ՝ ինչ-որ գորշության կրող է՝ սևի ու սպիտակի արանքում։ Չունի հայրենիք, ազգություն, կրոն... Մի խոսքով՝ որևէ նկարագիր։ Միայն կույր հավատ... Որը ևս նկարագիր չունի ու գորշ է իր պես։ Չունի հեղինակ ու... հայտնվել է անսպասելի՝ առանց որևէ թույլտվության... Հայտնվել է մեկ գիշերվա մեջ... Մի քաղաքի կենտրոնում, ուր արձան տեղադրելու որոշման բյուրոկրատական պրոցեսը կարող է տարիներ տևել։

Հայտնվել է անհրավեր, բայց՝ սպասված, չհամաձայնեցված, բայց՝ տեղին, անձայն, բայց՝ խոսուն... Նա հայտնվել է՝ ծավալ հաղորդելու street art-ին։ Հայտնվել է որպես հերթական ապացույց, որ կերպարվեստը կարող է ընդհանրապես պահանջարկ չունենալ թանգարանային միջավայրի, իսկ գուցե նաև՝ արվեստանոցի։ Որ նա կարող է և անհեղինակ լինել, բայց ոչ հնագույն այն ստեղծագործությունների նման, որոնք նույն այդ պատճառով արվեստի փոխարեն մնացին մշակույթի մակարդակում...

Հայտնվել է ապացուցելու, որ եթե առօրյա աղմուկը փորձում է մոռանալ արվեստի մասին, ապա վերջինս կարող է ահա այսպիսի ներխուժման դիմել։ Ասում է, որ կարող է քաղաքական լեզուներից շատ ավելի ազդեցիկ նարատիվ ստեղծել ու գեներացնել ավելի ուժգին տեղեկատվական քննարկում, քան ամենազորեղ հրձիգի ամբարտավան ելույթը։ Նա եկել է ապացուցելու, որ արդի արվեստը, եթե նույնիսկ շատ անգամ խոսում է աբսուրդի, վերացականության ու շոկի լեզվով՝ ամենևին էլ անիմաստ չէ։ Եվ, որ նա ոչ թե վերամբարձ փիլիսոփայական պատասխաններ տալու, այլ, գուցե, նուրբ հարցադրումներ ձևակերպելու համար է...
02.05.2026