Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ԵԹԿՊԻ -ի ուսանողական բեմից Նիկոլայ Ծատուրյանի դերասանական կուրսի հետ Նարինե Գրիգորյանի բեմավորած «Ես միայն զանգահարելու եմ եկել» դիպլոմային ներկայացումը դիտելուց հետո, այսինքն՝ շուրջ տասնչորս տարի այսպիսի վառ զգացողություններ ու ազդեցիկ հաղորդագրություններ չէի ստացել: Այս անգամ էլ Ռուբեն Բաբայանի դերասանական կուրսի հետ աշխատել էին ԵԹԿՊԻ մագիստրանտներ՝ ռեժիսոր Նադիա Իսրաելյանը և դերասանուհի Դիանա ՌազիելըՆրանք երկրորդ կուրսի ուսանողների հետ վերցրել էին մեր կյանքի սոցիալական շերտերից մեկն արծարծող մի կենսական նյութ, որն իր ներքին ռիթմական օրենքներով ու անցյալամիտ ժամանակացույցով է գոյում: Խոսքը ժամանակի առարկայական թափոնը բիզնես նյութ դարձնող հանրահայտնի «Քրջի բազառի» մասին է: Ժամանակային էկզոտիկայով աչքի ընկնող մի տիրույթ, որի ներկայացուցիչներ հնավաճառները, հիրավի, ինքնահատուկ մարդկային տիպեր են: Ասես՝ իրենց յուրահատուկ ժամանակային գոտիներում գործող խառնվածքային տեսակներիի տոնավաճառ, այլ ոչ թե հնոտիքի առևտրի վայր լինի: Պատկերավոր ասած՝ հայկական սոցիալական Դել արտե: Ավելի պարզ՝ կյանքի ցավալի հարվածներին մի կերպ դիմացած և տրամաբանության ու կարծեցյալ ողջամտության ջգրու իրենց մեջ մնացած կենսուրախության վերջին պատառիկներով ոգեսնվող հանրույթ:

Եվ ահա, Ռազելինն ու Իսրաելյանը, հստակ հասկանալով, որ սոցիալական գերակա բաղադրիչ ունեցող նյութի բեմական կեցության համար նպաստավոր արտահայտչական դաշտը դոկումենտալ թատրոնն է, ուսանողներին վերբատիմային հետազոտական հանձնարարություն են տալիս ու ամիսների տքնաջան համատեղ լաբորատոր աշխատանքը տալիս է ցանկալի դիպվածագրական արդյունք: Ստացվում է իրար փոխլրացնող կոլորիտային կեցվածքներով ու գործողություններով, արտասովոր խոսվածքով, պերիպետիկ հանգուցակետերով, ռիթմական շերտերի տարակերպությամբ, տարածության  եռաստիճան և երկպլան օգտագործմամբ միս ու արյուն ստացող կառուցիկ բեմադրություն, որտեղ մարդու ողբերգական ճակատագրի դարձերեսը էքսցենտրիկ կոմիզմին է: Կարճ ասած՝ սոցիալ - հոգեբանական թեքման դոկումենտալ տրագիֆարս: Այո՛, ողբերգական, բայց միևնույն ժամանակ նաև թեթևասահ: Որքան էլ, որ ցավալի են իրենց բնույթով այս իրական կերպարների ներկայացրած ինքնակենսագրական պատմությունները, և դրանց հետևանք դավանաբանական հիասթափություններն, այնուամենայնիվ, նրանցում կայծկլտում է հետևյալը. անկախ սոցիալական ծագումից, կրթամշակութային ցենզից, հոգեֆիզիոլոգիական տվյալներից ու խառնվածքային պատկանելությունից, անկաշկանդ անկեղծության լուսավոր մղումը: Պոզիտիվ հուզական վարակ, որը բնաջնջում է քաղքենական կեղծիքի մինչև վերջին բացիլը, եթե անգամ կերպարն ինքնախաբ հուսադրման և դրանից ոգեշնչման հոգեկան գործընթացի ազդեցության տակ է: 

Այս ամենը դեռևս ուսանողական կարգավիճակում գտնվողի համար բավական բարդ է բեմից ներկայացնել չափի զգացումի մշտառկայությամբ: Այստեղ, ուր արտառոցը օրինչափության հովանու ներքո է գործում, մեծ ջանքեր պետք չեն խաղային տարերքին տուրք տալով գրոտեսկի սահմնագիծն անցնելու և ոչ սովորական կերպարներին ծաղրապատկերի վերածելու համար: Սակայն նրանք ի պատիվ իրենց մասնագիտական էթիկայի սահմաններում են կառուցում իրենց խաղային ընթացքը, և չեն կիրառում խաղաձևերի այնպիսի համակցում, որը սատիրական վերաբերմունքի գեթ մեկ ակնթարթ կծագեցներ: Սա, իսկապես, նշանակալից ստեղծագործական և ինչ որ չափ նաև մանկավարժական հաղթանակ է, և ներկայացվածին արդարցիորեն դրական առումով անտարբեր չեն մնում թատերական աշխարհի տարբեր սերնդի և մասնագիտւթյան գրեթե բոլոր անձինք: Բայց տվյալ օրինակելի արդյունքը հետագա ամրագրման, ասել է թե՝ կապիտալիզացման խիստ կարիք ունի՝ այս կուրսի թատերախմբային ներուժը չտարալուծելու կոնտեքստում: Մեր մեղավոր կարծիքով՝ մի քանի տարի հետո դասախոս - ուսանող համախոհների այս խումբը կարող է և կարծես թե մի քիչ էլ պարտավոր է Հայաստանում դեռևս գոյություն չունեցող իր «դոկումենտալ թատրոնը» բացել: Վստահաբար բազմազան կենսական նյութի սակավություն չեն ունենա: Հատկապես, որ Նադիա Իսրայելյանն էլ այս թատերաձևում թվաքանակով ամենամեծ ռեժիսորական փորձառությունն ունի և ներկայացումից ներկայացում  փաստավավերագրականությանը առավել նրբահմուտ մոտեցում ցուցաբերելու կարողություն է դրսևորում: Ուրեմն ի գործ, որչափ էլ որ այդ նախաձեռնությունը խոչընդոտներով լեցուն ու բարդ թվա:

Հ.Գ. Ցավոք, վնասատուի բնազդով առաջնորդվող հայտնի գերատեսչության որդեգրած միտումնավոր հակաթատերագիտական քաղաքականությունը թույլ չի տալիս առավել ծավալուն և դետալային արձագանքել տրամադրող և խոսելու նյութ տվող այս ներկայացման առնչությամբ:

26.05.2026

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

 

1503 հոգի