ԵԹԿՊԻ - ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում կայացած «Քրջի Bazzar» վերբատիմ ներկայացումը ոչ միայն բեմական աշխատանք էր, այլև սոցիալական հայելի՝ ուղղված այն մարդկանց ճակատագրերին, որոնց կողքով ամեն օր անցնում ենք՝ հաճախ չնկատելով նրանց պատմությունները։ Ներկայացման ուժը հենց փաստագրական ճշմարտացիության մեջ էր․ այստեղ չկային արհեստական շեշտադրումներ կամ էֆեկտային լուծումներ։ Ռուբեն Բաբայանի արվեստանոցի երկրորդ կուրսի ուսանողները նախ ուսումնասիրել, լսել ու ճանաչել էին իրենց կերպարների իրական նախատիպերին, և միայն դրանից հետո բերել նրանց բեմ։ Այդ պատճառով խաղն այնքան բնական էր, որ իրականության ու թատրոնի սահմանը գրեթե անտեսանելի էր դառնում։

Ուսանողների զուսպ, ներքին լարվածությամբ լի կատարումները թույլ էին տալիս լսել ոչ թե դերասանին, այլ մարդու ցավը, կորուստը, երբեմն նաև՝ վերջին հույսը։ Հատկապես տպավորիչ էր այն, որ երիտասարդ դերասանները խուսափել էին գրոտեսկից ու խղճահարություն պարտադրող լուծումներից՝ պահպանելով մարդկային արժանապատվությունը։ «Քրջի Bazzar»-ը այն ներկայացումներից է, որ ավարտվելուց հետո շարունակում է ապրել հանդիսատեսի ներսում՝ ստիպելով մտածել քաղաքի մոռացված մարդկանց, կոտրված երազանքների և գոյատևման անտեսանելի պայքարի մասին։ Նադիա Իսրաելյանի և Դիանա Ռազիելի կատարած աշխատանքը կարևոր ու համարձակ փորձ էր՝ թատրոն բերելու վավերագրական խոսքի ուժը։ Իսկ ուսանողների պրոֆեսիոնալիզմը, լրջությունն ու նվիրվածությունը վստահություն են ներշնչում, որ հայկական թատրոնը նոր, մտածող սերունդ ունի։
28.05.2026