Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

11.06.2026 / 11:39

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրեթե մեկդարյա պատմության ընթացքում, ուսանողական բեմադրությունները օրինաչափ և իհարկե պարտադիր պայման են դարձել: Դա ուսումնական պրոցեսի բաղադրիչներից է, յուրատեսակ հաշվետվություն՝ կուրսի ղեկավարի փոխանցած և ուսանողների կողմից ձեռք բերված հմտությունների, կարողությունների և գիտելիքի վերաբերյալ: Սակայն պատահում է, որ այդ ձևաչափի բեմադրությունները դուրս են գալիս կիսամյակային առաջադրանքի կատարման տրամաբանությունից և դառնում ինքնուրույն ստեղծագործական աշխատանք՝ թատերական պայմանականության բոլոր օրենքներին և պահանջներին համապատասխան: Ոչ վաղ անցյալում ստեղծված նմանատիպ աշխատանքներից էր 2020 թվականին ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում Ի. Վիռիպաևի «Թթվածին» ստեղծագործության մոտիվներով արված Նադեժդա Իսրայելյանի համանուն բեմադրությունը (դերասան` Դ. Աբրահամյան): Այդ ներկայացմանը հաջորդեցին «+1» (Ե.Գրիշկովեց) և «Անտեսանելին» (հեղինակ, բեմադրիչ և դերակատար՝ Աբրահամյան) բեմադրությունները, որոնք մենք քննության ենք առել «Մոնոներկայացումների շարք փաստավավերագրական դրամայի մոտիվներով» թատերախոսականում: Ուսանող Աբրահամյանն այստեղ միաժամանակ հանդես էր գալիս և՛ որպես բեմադրիչ, և՛ իբրև դերակատար՝ բեմում ստեղծելով ձևի և բովանդակության տպավորիչ ամբողջականություն:

Իսկ 2023 թվականին Գոռ Մարգարյանի արվեստանոցի ուսանողների  և  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի, ինչպես նաև Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Բովանդակություն» մոնումենտալ ներկայացումը (երաժշտության հեղինակ՝ Նարեկ Կոսմոս, պլաստիկա՝ Մարիկա Դովլաթբեկյան, բեմական խոսք՝ Տաթև Ղազարյան): Ե.Չարենցի լավագույն ստեղծագործությունների ծաղկաքաղից ստեղծված այս ներկայացումը, կառուցված լինելով «սաունդ դրամա» ժանրին բնորոշ արտահայտչական գործիքակազմով, թատերագետ Նաիրա Շահվալադյանի դիտարկմամբ աչքի էր ընկնում տարածական և ռիթմա- ժամանակային ձևերի համադրությամբ: Այդ թվում նաև բանաստեղծական խոսքը և՛ որպես միտք ու զգացմունք, և՛ որպես գեղարվեստական պատկեր և պլաստիկա, և՛ որպես ռիթմ և գործողություն դարձնելու մարգարյանական կարողությամբ[1]:

Հաջորդ ուսանողական թատերական նախագիծը, որը կարող ենք վերոնշվածների շարքերում համարձակորեն ներառել, վերջերս ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում, Ռ.Բաբայանի արվեստանոցի ուսանողների և մագիստրոսական կրթական ծրագրով սովորողներ՝ Նադեժդա Իսրայելյանի և Դիանա Ռազիելի համագործակցությունից ծնված «Քրջի Bazzar» վավերագրական ներկայացումն է:

Ժամանակակից թատրոնի խոսույթում վավերագրական թատրոն եզրույթն արդեն ամբողջականորեն ձևավորված ժանրի բնորոշումներով է շոշափվում: 20-րդ դարի սկզբին ի հայտ եկած  հասարակական իրադարձություններին ուղիղ, փաստացի և սուր արձագանքման  բեմական ներկայացման ձևաչափը Էրվին Պիսկատորից, Պետեր Վայսից մինչև Աննա Դիվեր Սմիթ, Մոյսես Կաուֆման, Միլո Ռաու, Միխայիլ Ուգարով, Ելենա Գրեմինա, միտված է եղել ներկայացնել իրականությունը հնարավորինս ճշգրիտ և անկողմնակալ ձևով՝ միաժամանակ պահպանելով թատերական արվեստի գեղարվեստական արտահայտչամիջոցները: Արվեստի և փաստագրության համադրությունը թույլ է տալիս դրա հեղինակներին բեմական պայմանականության միջոցով ներկայացնել սովորական մարդկանց կյանքի իրական պատմություններն ու սոցիալ - հասարակական կարևոր իրադարձությունները։ Հայաստանում այս օրինաչափությամբ բեմադրություններ սակավաթիվ չեն եղել:

2010-ականներից երևանյան տարբեր հարթակներում պարբերաբար բեմադրվել են սոցիալական, գենդերային, քաղաքական, ընտանեկան և այլ թեմատիայով դոկումենտալ ներկայացումներ, որոնց իրենց  վերլուծական հոդվածներում[2] անդրադարձել են թատերագետներ Նունե Հախվերդյանը, Անի Հարությունյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Այդ ժանրի, Հայաստանում թերևս ամենահայտնի և արտահայաստանյան հանդիսատեսի քննությանը դիմացած դրսևորումներից են, դրամատուրգ Սառա Նալբանդյանի հեղինակած և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի բեմադրած «Հաղթանակի գենեզիս» և «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումները, որոնց երկուսի սյուժետային պայմանաձևում արցախյան հերոսամարտի թեման է:

Ռեժիսոր Նադեժդա Իսրայելյանը վավերագրական ներկայացումների բեմադրության տպավորիչ փորձառություն ունի: 2024 թվականին Անահիտ Ղազարյանի համահավաքած տեքստերի հիման վրա բեմադրել է «Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» վավերագրական ներկայացումը[3]: Այն համացանցային իրականության կեցությունը և դրա բաղադրիչ սոցցանցերում հաստատված ծանոթությունները, շփումներն ու հարաբերությունները ներկայացնող պատմությունների շարք է, իսկ 2025 թվականին, նույն թիմով, «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոնում բեմադրել է երգչուհի Էլվինա Մակարյանի կենսագրական նյութերով «Երկաթ ծամեմ» դոկումենտալ տարրերով ներկայացումը[4]:

2026 թվականին, Իսրայելյանն, ինչպես նշեցինք՝ Դիանա Ռազիելի հետ համատեղ, բեմադրում է «Քրջի Bazzar» վավերագրական ներկայացումը: Երիտասարդ ստեղծագործողներն իրենց բեմադրական աշխատանքներն իրականացրել են տեսական, հետազոտական հիմքի վրա: Ուստի, խորքային իմացության մակարդակում տիրապետելով նյութի տեսական, գործնական, կիրառական հմտություններին, կարողացել են թեման մեկնաբանել տիպականին բնորոշ մանրամասների ճշգրտության ու նրբությունների ճշմարտացիության բացվածքով: Սա մոտեցում է, որն իրագործելու համար ստեղծագործական խումբը երևանյան փողոցներից մեկում գործող հին և օգտագործված իրերի շուկայում առևտրով զբաղով մարդկանց հետ անցկացրած հարցազրույցներ է հավաքագրել, համակարգել, ապա եղած նյութից դիպվածային համակցումներով բեմական տեքստ կառուցել: Արդյունքում ձևավորվել էր իրականության վրա հիմնված գեղարվեստական միջավայր, որտեղ փաստագրական նյութն օրգանապես միահյուսվում էր թատերական արտահայտչամիջոցներին։

Դրամատուրգիական պայմանաձևում իրական մարդկանց կյանքից դրվագներ էին, նրանց հիշողությունները, ճակատագրական չապաքինված վերքի զննումը՝ դեմ հանդիման նստած հանդիսատեսի ափաչափ տարածության մեջ։ Տասնհինգ կերպար՝ տասնհինգ տարբեր պատմություններ: Կարևոր առանձնահատկություններից էր կենսագրական մանրամասների, անցյալի հիշողությունների և անձնական պատմությունների միջոցով ավելի լայն հասարակական իրողությունների բացահայտումը։ Այդ կերպ բեմը վերածվում էր ժամանակային ընդգծումներով  հանրային հիշողության կետագծման և վերաիմաստավորման հարթակի։ Վավերագրական թատրոնին բնորոշ փաստի և գեղարվեստական ձևի փոխազդեցությունը «Քրջի Bazzar»-ում հնարավորություն էր տալիս հանդիսատեսին ոչ միայն հաղորդակցվել ներկայացվող պատմություններին, այլև վերանայել սեփական վերաբերմունքը դրանցում արտացոլված սոցիալական, մշակութային և արժեքային խնդիրների նկատմամբ։ Ռեժիսորները (ինչպես նշում են իրենք երկուսով հավասարաչափ են տեքստը մշակել) աշխատել էին վերբատիմի մեթոդով, այսինքն բեմական տեքստը կառուցված էր հարցազրույց տվողների խոսքերի բառացի կամ առավելագույնս հավատարիմ վերարտադրության սկզբունքով։

Առանձնակի ուշադրության է արժանի հավաքագրված տեքստի հետ աշխատանքը. փաստական նյութը՝ մարդկանց կենսագրական կարևոր դիպվածները, իրար էին մոնտաժված* թեմատիկ, գաղափարական և հուզական կապերով։


* Վավերագրական թատրոնում «տեքստի մոնտաժ» ձևակերպումը ստեղծագործական և դրամատուրգիական հնար է որի միջոցով հավաքագրված խոսքային նյութը կազմակերպվում, ընտրվում և կառուցվում է բեմին հարմարեցված ամբողջական տեքստի տեսքով:

Ռեժիսորները կիրառել էին ասոցիատիվ մոնտաժի սկզբունքը, որի շրջանակում տարբեր պատմություններ միավորվում էին իմաստային և հուզական ընդհանրությունների հիման վրա, ինչպես նաև որոշ դեպքերում՝ կոնտրաստային մոնտաժը, երբ հակադիր փորձառությունների, աշխարհայացքների և բնավորությունների համադրությամբ ստեղծվում էր դրամատիկական լարում:

Մոնտաժային այդ արտահայտչակերպերը հնարավորություն էին տալիս բացահայտելու ներկայացման բազմաշերտ սոցիալական իրականությունը և ուժեղացնելու դրա հուզական ազդեցությունը։ Օրինակ՝ իր որդուն կորցրած կնոջ ողբերգական պատմությանը հաջորդում էր Հունաստանում հանգիստ անցկացնելու մասին երազող կնոջ գրոտեսկային շարժաձևերով լուծված դրվագը, ինչի արդյունքում սրվում էր երկու իրադրությունների միջև առկա հակադրությունը։ Նույն սկզբունքով էին կառուցված նաև իր որդու համար հարսնացու փնտրող կնոջ և նախկին պաշտոնյայի, ինչպես նաև սոցիալական դժվարին պայմաններում ապրող, սակայն արտաքին տեսքի մանրուքներին մեծ կարևորություն տվող, ինչպես ինքն է ասում նախկին «զավոդի դիրեկտորի» շիկահեր աղջկա պատմությունների համադրությունները։

Չլսող ամուսնու (Ա. Ավետիսյան) և նրան մշտապես պաշտպանող ու մեծարող կնոջ (Լ. Գալստյան) զուգերգն առանձնակի տպավորություն թողեց, լրացնելով նեկայացման կուռ ու կառուցիկ դիպաշարը: Եվ իհարկե, վերջին տեսարանում արտաքուստ և որոշ իրադրային ակնարկներով ոչ այդքան բարեհաճ ծերունին (Գ.Մարգարյան) դրամատիկական լարման բարձրակետը դարձավ, ամբողջացրեց և ամփոփեց թվատախտակին պայմանական ժամանակը ցույց տվող իրար մոնտաժված տարաբնույթ տեսարան - ճակատագրերը:

Ընդ որում, հակադրությունների միջոցով ներկայացումը ոչ միայն ի ցույց էր դնում տարբեր մարդկային ճակատագրեր, այլև ընդգծում դրանց ներքին անհամատեղելիությունն ու միաժամանակ՝ նույն սոցիալական միջավայրում գոյակցելու պարադոքսը։ Այդ արտառոց համակեցությունն ակնարկվում էր նաև բեմի տարածական կազմակերպվածքում: Երկաթե կոնստրուկցիայով և փայտե հարթակներով համակցված բեմում աջ և ձախ կողմերից դեպի կենտրոն իջնող աստիճաններ, որոնք միջնամասում միավորվում էին դառնում երկար պատշգամբ:

Ռեժիսորները դա արդյունավետորեն օգտագործել էին բազմապլան և անկյունագծային բեմավիճակներ ստեղծելու համար։ Աստիճաններով դերասանների վերուվար շարժումները, դրանց ուղեկցող ճռնչյունն ու դոփյունը ոչ միայն տեսողական ընկալմամբ էին ազդում տեսարանների գաղափարահուզական բովանդակության վրա, այլև ձայնային միջավայրի միջոցով ուժեղացնում էին հանդիսատեսի ընկալումը՝ հնարավորություն տալով այդ հաղորդագրությունները ոչ միայն տեսնել, այլև լսել։ Եթե փորձենք ընդհանրացնել երկրորդ կուրսի ուսանողների աշխատանքը, ապա ակնհայտ է, որ նրանք բեմ են դուրս գալիս մեկը բոլորի և բոլորը մեկի համար հայտնի կարգախոսի տրմադրվածությամբ: Դերասանախմբի նվիրումի այդ զգացումը դառնում էր խաղային տարերքի խթան, ինչը, հատկապես նկատելի էր խմբային երգեցողության վարակիչ տեսարաններում։ Հենց այդ հուզական դրվագն էր, որ «Քրջի Bazzar»-ի հրամցրած իրականությունը դարձնում էր առավել ներազդու և համոզիչ՝ դիտողի համար։ Եվ տվյալ ու վերոնշյալ հանգամանքներն անհերքելիորեն փաստում են, որ վավերագրական ժանրը ժամանակակից հայկական բեմարվեստում արդեն հաստատվել է որպես արդիական և կենսունակ ստեղծագործական մեթոդ՝ արտացոլելով մեր ժամանակի սոցիալական ու մշակութային իրողությունները։

Ծանոթագրություններ

1. Տե՛ս «Ներշնչված չարենցյան տողով» թատերախոսականը:

2. Տե՛ս, «Ապրել առանց վախի, կամ...», «Ներանձնականի փաստագրումն իբրև գաղափարահուզական գերակայություն», «Эволюция и современное проявление документального театра в Армении», «Մայրաքաղաքային փաստավավերագրական թատրոնի կատարողական լույսն ու ստվերը» վերլուծականները:

[3.] Տե՛ս, «Փնտրելով դերակատարներ.Ներբեռնում, Վերբեռնում, Սերբեռնում» հոդվածը:

[4.] Տե՛ս «Элвина Макарян: Джаз за железним занавесом» թատերախոսականը:

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

4394 հոգի