Ի՞նչ է անում մարդը, երբ բախվում է աշխարհի կողմից իրեն պարտադրված կարգին։ Պե՞տք է հարմարվի դրան, թե՞ սեփական գոյության յուրահատկությունը պահպանելու համար ընդդիմանա։ Հասարակությունը մարդուն վերապահում է սոցիալական տարբեր դերեր՝ ակնկալելով, որ նա կհամապատասխանի ընդունված վարքականոններին։ Այդ դասավորվածքում անհատը վտանգում է կորցնել սեփական «ես»-ը՝ վերածվելով սոսկ կատարածուի։ Վ. Սարոյանի «Թրեյսիի վագրը» վիպակում Թրեյսին անհատի մղումների և հասարակության պարտադրած դերերի հակասության կրողն է։ Իսկ Վագրը դառնում է այն ներքին ուժի խորհրդանիշը, որը դիմադրում է անհատին պարտադրված սոցիալական նույնականացմանը՝ պաշտպանելով ինքնության ազատությունն ու գոյության անկրկնելիությունը։

Ֆանտաստիկ պայմանականության, նուրբ հումորի և պարադոքսալ իրավիճակների միջոցով Սարոյանը կասկածի տակ է դնում հասարակության կողմից բնականոն համարվող նորմերը՝ ընդգծելով անհատի և սոցիալական կարգի միջև բնական հակասությունը։ Նարինե Գրիգորյանի բեմադրությունը սեփական «ես»-ի կորստի դեմ պայքարի, անհատականության պահպանման և ներքին ազատության վերահաստատման գեղարվեստական արտահայտություն է՝ իրականացված դերասանական համախմբված թիմի ջանքերով։

Թրեյսիի կերպարում Նարեկ Բաղդասարյանի բեմական ներկայությունն առանձնանում էր ուշադրության բացառիկ կենտրոնացմամբ (դերասանի համար առաջնային հմտություն, որն այսօր, հայ թատրոնում ցավալիորեն հազվադեպ հանդիպող երևույթ է դարձել) հոգեֆիզիկական մանրամասների մշակվածությամբ և գործողության մեջ լիարժեք ներգրավվածությամբ։ Նրա դերասանական աշխատանքում կարևոր էր ոչ միայն ֆիզիկական տոկունությունը, այլև ներքին էներգիայի անընդհատ մոբիլիզացումը, կերպարային ամբողջականության պահպանումը։ Այս բարդ բեմական խնդիրը Բաղդասարյանը լուծում էր ստեղծելով ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միմիկապլաստիկական պարտիտուրայով, ինտոնացիոն բազմաշերտությամբ հագեցած կերպար։
13.10.2026