Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Սարոյանի «Թրեյսիի վագրը» պարզապես ուժի, կրքի կամ ապրելու ցանկության խորհրդանիշ չէ: Այն մարդու այն մասն է, որի շնորհիվ կյանքը գույներ ունի, սերը՝ իմաստ, իսկ առօրյան՝ ինչ - որ անբացատրելի գեղեցկություն։ Մենք հաճախ չենք էլ նկատում նրա ներկայությունը, մինչև մի օր հայտնաբերում ենք, որ նա այլևս մեզ հետ չէ: Եվ թերևս ամենացավալին հենց այդ բացակայությունն է։ Երբ արտաքուստ ոչինչ չի փոխվել, կյանքը շարունակվում է իր սովորական ընթացքով, բայց ներսում ինչ-որ բան անդառնալիորեն փոխված է թվում։

Նարինե Գրիգորյանի «Թրեյսիի վագրը» բեմադրության մեջ ինձ ամենից շատ հետաքրքրեց ոչ այնքան վագրի խորհրդանիշը, որքան նրա բացակայության հետ մարդու հարաբերությունը։ Թրեյսին չի հաշտվում այդ կորստի հետ։ Նա փնտրում է, պայքարում, փորձում վերադարձնել այն, ինչն ուրիշների աչքին գուցե գոյություն էլ չունի: Եվ հենց այդ համառության մեջ է կերպարի ուժը։ Հաղթանակը միշտ ոտքի կանգնելը չէ: Երբեմն հաղթանակ է նաև պայքարից վերջնականապես չհրաժարվելը։ 

Այս ներկայացումն ինձ համար հենց այդպիսին է: Այն չի խոստանում, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հիշեցնում է, որ կորցրած վագրը դեռևս մեռած վագր չէ: Եվ քանի դեռ գոյություն ունի նրան գտնելու հնարավորությունը, հարկավոր է պայքարել։ Բայց Սարոյանի աշխարհում կա նաև Լորա Լյութին: Եվ որքան էլ գրավիչ է Թրեյսիի պայքարը, երբեմն շատ ավելի հասկանալի է Լորայի անզորությունը։ Գուցե կյանքի տարբեր փուլերում մենք բոլորս էլ հայտնվում ենք այս երկու կերպարների միջև. երբեմն մենք ենք փնտրում մեր վագրին, երբեմն էլ կարիք ունենք ու սպասում ենք, որ ինչ - որ մեկն այն գտնի մեր համար։

Այստեղից էլ հիշեցի Բեքեթի «Գոդոյին սպասելիս»-ը։ Սպասումը՝ որպես մարդկային գոյության վիճակ։ Բայց եթե Բեքեթի հերոսները շարունակում են սպասել, Սարոյանի Թրեյսին փորձում է գործել։ Երկու տարբեր աշխարհներ, որոնց միջև, թերևս, ապրում ենք բոլորս՝ սպասելու և պայքարելու, հույսի և հուսահատության սահմանագծին։ «Ever tried. Ever failed. No matter. Try again. Fail again. Fail better» / «Փորձել ես: Ձախողվել ես: Կարևոր չէ։ Նորից փորձիր։ Նորից ձախողվիր։ Ձախողվիր ավելի լավ»:

Սարոյան ու Բեքեթ՝ երկու այնքան տարբեր աշխարհներ։ Մեկի մոտ՝ կորցրածը վերագտնելու հավատ, մյուսի մոտ՝ նույնիսկ անհաջողության դատապարտված լինելու գիտակցությամբ շարունակելու համառություն: Եվ երկուսի միջև՝ մարդը, որն ամեն անգամ ստիպված է նորից որոշել՝ շարունակե՞լ, թե՞ հանձնվել։ Մենք սիրում ենք արվեստում փնտրել հաղթանակի ու փրկության պատմություններ։ Ոչ բոլորն են հաղթում, ոչ բոլոր կորուստներն են վերականգնվում, և երբեմն նույնիսկ ամենաուժեղ մարդը հայտնվում է մի վիճակում, որտեղ պայքարելու ուժ այլևս չունի:

Գուցե հենց այստեղ է այս ներկայացման ամենամարդկային շերտը։ Այն թույլ է տալիս մտածել ոչ միայն հաղթողի, այլև պարտվողի մասին: Մարդու, որը դեռ չի կարողանում ոտքի կանգնել, բայց որի պատմությունը դրանով չի ավարտվում։ «Թրեյսիի վագրը» նաև այդ հնարավորության մասին է։ Իսկ այսօր, երբ ինքս էլ կորցրել եմ իմ վագրին, չգիտեմ՝ երբ կամ ինչպես կվերագտնեմ նրան։ Եվ գուցե ամենակարևորը ոչ թե այն է, թե երբ կվերադառնա մեր վագրը, այլ այն, որ նրա բացակայության մեջ էլ չմոռանանք՝ մի ժամանակ ունեցել ենք նրան։ Իսկ երբ վագրը մեզ հետ է, սովորենք տեսնել նրան։ Տեսնել։ Ճանաչել։ Եվ պահե՛լ, պահե՛լ, պահ~ել...

16.10.2026

ՄԱՐՈւՍՅԱ Բավիկյան

1005 հոգի