Երբ սովորականի նման գնում ես Համազգային թատրոն, որ օրդ ավարտես ոչ սովորական, հանկարծ ինքդ քեզ համար պարզում ես, որ դու էլ քո դերն ունես այդ օրվա ներկայացման մեջ (Վիլյամ Սարոյան - «Թրեյսիի վագրը»)։ Ինչևէ, արդեն թատրոնում ես, բարձրանում ես դահլիճ, ու ժպտերես աշխատակիցներն առաջարկում են նստել այնտեղ, որտեղ սիրտդ կուզի` ավելացնելով.
— Միևնույն է, այդտեղ չեք մնալու, բեմ եք բարձրանալու։

Ակամա փորձում ես հիշել.«Իսկ ո՞րն էր այսօրվա դերս»։ Շատ չանցած` վարագույրը բացվում է, ու դու խորհրդավոր ու գերող երաժշտության ռիթմերի ուղեկցությամբ բարձրանում ես բեմ ու տեղավորվում։ Եվ ահա աչքդ ընկնում է մի երիտասարդի վրա, որը քեզնից փոքր-ինչ վաղ էր հայտնվել բեմում և ռիթմիկ ու մանրակրկիտ սափրվում էր` կարծես մտքում ասելով.«Նստե'ք ու շո'ւնչ քաշեք, դեռ քանի փողոց ենք ոտնատակ տալու ու քանի տարի ենք հետ ու առաջ քայլելու միասին... »։ Երիտասարդը Թոմաս Թրեյսին էր, որ, ինչպես ինքն էր պնդում, ուներ վագր, որն իրականում մի սև ու շքեղ հովազ էր։

— Վերջ,— գոռում է նա,— ես արդեն տղամարդ եմ, հարմարվողի ծուղակն այլևս իմը չէ, ես գնալու եմ երազանքներիս հետևից, ես գտնելու եմ իմ վագրուհուն, հետո ինչ, որ ինձ խենթ կհամարեք, դուք դեռ չգիտեք, որ իսկական խենթերը հենց դուք եք, որ շրջում եք աշխարհում առանց ձեր վագրերի ու վագրուհիների։

Բայց նա լուռ սափրվում էր։ Հաջորդ պահին Թրեյսի-Վագրը մեկը մյուսի հետևից սուրճի ծանր պարկեր է քարշ տալիս բեմ։ Պահեստում աշխատելը հյուծում էր նրան, և նա որոշեց մի կողմ դնել կյանքի դժվարությունները խորհրդանշող ծանր պարկերը ու դառնալ սուրճի համտեսող։ Չէ՞ որ նա գիտեր, որ լավն ու վատը տարբերելու համար ընդամենը համտեսել է պետք։ Եվ հանկարծ հանդիսատեսի միջից խոսեց մեկը, ապա`մյուսը, հետո` երրորդը... Քիչ անց սուրճի բույրը դարձավ տիրապետող, ու հանդիսատեսը համտեսեց Թրեյսիի հետ։ Սուրճը սթափեցրեց... Աչքերդ պտտեցիր 360 աստիճանով ու հասկացար, որ դու արենայում ես, ու տեսնելու ես մարդու կյանքի ընթացքը` ծնունդ, պայքար, հաղթանակ, անկում, վերելք..., և ստեղծվելու է մի հրաշք։ Հետո հրաշքով հայտնվեցիր Նյու Յորքի փողոցներում, որտեղ ականջդ ծակեցին լրագրավաճառների աղաղակները, իսկ աչքիդ առաջ Թրեյսի-Վագրի նկարներով պաստառներն էին, շապիկներ ու զանազան խաղալիքներ...

Հանդիսատեսը կրնկակոխ հետևում էր Թրեյսիին, նրա հետ քարանում, երբ ընդառաջ էր գալիս Լորա Լյութի-Վագրուհին։ Թրեյսիի մեջ արթնանում է մարդու գազանային էությունը` կենսական էներգիայի, ուժի, կրքի աղբյուրը... Թրեյսին որոշում է ծանոթանալ իր սիրելիի ընտանիքի հետ։ Լորայի մայրը` միսիս Լյութին, մի շքեղ կին էր, բայց երևում էր, որ կորցրել էր իր ներքին վագրին` իր սերն ու ազատությունը... Կապանքներն ու ծանրությունը խորհրդանշող երկար հյուսը ձգվում էր հատակով մեկ, իսկ նա շոկոլադ էր հյուրասիրում բոլորին։ Թրեյսին վեցը կերավ ու հետևանքը` համբույրը, դարձավ իր և սիրեցյալի բաժանման պատճառը։ Երբ կորցրեց իր վագրուհուն, հեռացավ նաև իր վագրը, և ահա նա հոգեբուժարանում է։ Այստեղ էր նաև Լորա Լյութին... Բայց նրանք խելագար չէին. այդտեղ սերը կորցրած մարդիկ էին...

— Դու տեսա՞ր նրան, իսկ դո՞ւ,— լսվում էր տարբեր կողմերից։ Բոլորը տեսան նրան և վագրային աչքերը հավերժ դաջելով հիշողության մեջ` դուրս եկան թատրոնից. նրանք մենակ չէին։ Փնտրե'ք ձեր վագրին, գտե'ք ձեր վագրին, գտե'ք ձեր եսը։
20.09.2026