Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

24.10.2021  04:19

ԴՈւՐՅԱՆԻ ԱՆԴՈւՐ ԿԱԼԱՄԲՈՒՐԸ*

Պետական գաղտնիք չի, որ աշնանային թատերաշրջանում Նարեկ Դուրյանը նոր զվարճապատումով ներկայացավ մայրաքաղաքային հանդիսատեսին: Պրոդուսերական խորամանակ, նույնիսկ խելացի քայլ անելով`նա շարունակեց «Դոն Ժուան ավիա»-ի կերպարների արկածները: Պարզապես նրանց սիրային ստերի հերթական փունջը Փարիզից տեղափոխեց Մարսել` այս բեմաբադրությունն անվանելով «Դոն Ժուանները Մարսելում»: Այսպիսով, կրկին դիմելով Մարկ Կամոլետտիի դրամատուրգիային, համահեղինակ-բեմադրիչի ընտրությունը կանգ առավ «Խավարտ` ֆրանսիական ձևով, կամ էլ խաղում ենք համերաշխ ընտանիք» բուլվարային կատակերգության վրա: Ստեղծագործությունը տեղայանացնելու համար վոդևիլային ու ֆարսային շտրիխերով հայաֆիկացվեց, սակայն Նարեկ Դուրյանը նորից տուրք տվեց բեմադրական հակաէսթետիկ հակումներին:

Սիրային ինտրիգներից հյուսած դրությունների կոմեդիան գռեհիկ բառախաղերով և այլ ցածր հնարքներով բեմադրությունը դարձրեց էժանագին միջոցներով հանդիսատեսի հետաքրքրությունը շարժող ներկայացում: Իհարկե, գռեհկությունը բեմում կյանքի իրավունք ունի, սակայն այն դեպքում, երբ արվածը ծիծաղի փոխարեն զզվանք չի հարուցում: Բայց երբ Բերտայի մոր անունը նմանաձայնությամբ հայհոյանք է հիշեցնում, դա արդեն թույլատրելի գռեհկությունից անցում է լկտիության: Կամ էլ` այդ նույն Բերտան, երբ իր սիրեկան Ժիլբերին երկսայր խոսքով թափանցիկ ակնարկում է սեռական ակտի նատուրալիստական մասը, պոռնոգրաֆիկ կոմիքսի դռներն է բախում: Պակաս տհաճություն չի պատճառում նաև հեղինակային վրիպումի հանդեպ ցուցաբերած հավատարմությունը: Ըստ պիեսի, երբ սիրուհի ունեցող ամուսինն իմանում է, որ կինը սիրեկան ունի, խանդի զայրույթից իրեն կորցրած, սպառնում է ամորձատել այդ անամոթին: Ավելին, չի զլանում անգամ ձեռքերի շարժումներով ամենայն պատկերավորությամբ նկարագրել պատժիչ գործընթացը: Եվ որքան էլ` Կամոլետտիի կատակերգական զգացողությունը սուր է, նա դեռևս չունի Չինգիզ Այթմատովի նրբանկատությունը, որ սեռական օրգանին առնչվող զավեշտը գեղարվեստորեն մատուցի:

Հետևաբար հարց է առաջանում, ի՞նչն է Նարեկ Դուրյանին ստիպում անձնվիրաբար պահպանել նման այլանդակությունը և ո՞րն է ինքնանպատակ գռեհկությունից կառչելու պատճառը: Ամեն գնով զավեշտալի լինելու դրամարկղային մտածողությու՞նը, թե՞ սեռատոչորության գլոբալիզացիոն սուրբ պատվերը: Եթե ինչ-որ մի բեմական միջակություն ծիծաղ մուրացողի կարգավիճակ ստանձներ, չէինք զարմանա, կմտածեինք, որ հերթական անտաղանդը ցածրորակ տպավորչականությամբ իր ապաշնորհությունն է քողարկում: Բայց այս թատերական գործիչն ամենևին էլ այդպիսին չէ: Նա կոմեդիա բեմադրողին անհրաժեշտ չափով ունի այդ քմահաճ ժանրի զգացողությունը, որն ապացուցում են վերջինիս ներմուծած կատակերգական հնարքները՝ գրական հենքից անկախ ատրճանակի խաղարկումն ու կոկետուհու թանկարժեք զգեստի կորստի սրումը: Բեմադրիչն իսկապես տիրապետում է տարաբնույթ իրադրությունները կատակերգական նրբերանգներով ներկայացնելու վարպետությանը: Դրանով է պայմանավորված նաև նրա կերտած կերպարների կոլորիտային տեսակը: Թեև, իր իսկ շահերից ելնելով, լավ կլիներ` Սյուզաննա, Սյուզետտա, Սուսան, Սուսամբար բանադարձումը խաղարկելիս` ավելի գունեղ գործողություններ և ելևէջներ կիրառեր:

Ի դեպ, կոլորիտային է նաև գինեկոլոգ Արտաշեսի կերպարը, որը ներկայացնում էր Հրանտ Թոխատյանը՝ հմտացած էստրադային էքսցենտրիկությամբ կատակերգական բնավորություններ ստեղծելու գործում: Օրգանականության առջև մեծ մասամբ չի մեղանչում խոհարարուհի Սյուզետտայի դերակատար Լալա Մնացականյանը, քանի որ նրան հեշտ է տրվում կենցաղային կերպարների անմիջական ամպլուան: Թեպետ, դերասանուհու առաջին մուտքը` մինչև Նարեկ Դուրյան-Ժիլբերին հանդիպելը, գերխաղի արհեստականությանն էր սպասարկում: Արհեստական վիճակի մեջ լինելու առումով շատ ավելի տխուր է կատակերգական ներկայացումներում սուբրետային բնականությամբ աչքի ընկած Հարություն Ավալյանի դրությունը: Պայմանականության հեռակա խաղարկմամբ բեմադրիչը նրան ստիպում է ներկայացման ընթացքում երկու անգամ դահլիճում իրարանցում առաջացնել, ինչը բացարձակապես չի ներդաշնակվում բեմապատումի ընդհանուր բեմադրակարգին: Հերթական էլեկտրական կարճ միացումից հետո, երբ Հարություն Ավալյան-Խաչիկը բեմում է հայտնվում, առանց նախորդած օյինբազությունների էլ նրա ներկայությունն ու հետագա կարճատև դերակատարումը տպավորիչ ու հավատընծա է: Այնպես որ, շնորհալի երիտասարդին ռեժիսորական աճպարարության խամաճիկ դարձնելը մասնագիտական չարդարացված հնարանք է:

Մասնագիտական հոտառությունը Նարեկ Դուրյանին գրեթե միշտ դավաճանում է նաև երիտասարդ դերասանուհիների ընտրության հարցում: Ամեն անգամ, երբ բեմ էին մտնում Սյուզիի և Բերտայի դերակատարները, մի քանի վայրկյան հետո հորդում էին շինծու խաղաձևերը: Արհեստականության տեղատարափի արդյունքում էլ սկսում ես սպասել, թե երբ են այդ չակերտյալ դերասանուհիները տեսարանն ազատելու իրենց ներկայությունից: Ու Նարեկ Դուրյանի բեմադրական գործունեության մեջ այս երևույթը կարծես թե ավանդույթի հավակնություններ է ձեռք բերում: Բեմադրիչի հեղինակած չորս կատակերգություններում էլ երիտասարդ դերակատարուհիները հիմնականում անհաջող են հանդես եկել: Բնականաբար, ևս մեկ անմեղ հարց է ծագում. մի՞թե ինքն իր թշնամին է և մտումնավոր չի նկատում ընտրած դերասանական հումքի անհամապատասխանությունը: Տարատեսակ ենթադրությունների գիրկն ընկնելու փոխարեն ընդունենք, որ հարցի պատասխանը միայն ու միայն Նարեկ Դուրյանի մասնագիտական բարեխղճությունը կտա:

* Վերնագրի այս տարբերակը հեղինակայինն է, սկզբնաղբյուրում «Դուրյանի կալամբուրը» անվանումն է ունեցել ռեցենզիան:

Նյութի աղղբյուրը՝ ImYerevan.com 02.10.2013

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

313 հոգի