Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

11.05.2022   3:26

Ճշմարտության և ազատության ամենավտանգավոր թշնամին

համախմբված մեծամասնությունն է։

Այո՛, համախմբված, հանդուրժողական, նզովյալ մեծամասնությունը՝

մեկն այն հասարակական կեղծ պայմանականություններից,

որի դեմ պարտավոր է ելնել ազատախոհ մարդը։

                 Հ. Իբսեն, «Ժողովրդի թշնամին»

Այո էլ քանիերորդ անգամ ջուր է կաթում մեր ազգային թատրոնի ծակ առաստաղից։ Կաթում է և արձագանք է տալիս մթության ու ամայության մեջ։ Ծանոթ է այս ձայնը՝ հերթապահ «թատերական» էֆեկտ, որի և՛ իրական, և՛ պայմանական իմաստները հայտնի են։ Սա ներկայացման սկիզբն է կոյուղու խողովակների ահեղատեսիլ երևույթով և... Ավետարանի ընթերցումով։

Ւսկ վե՞ րջը։

-Վա՜յ, էս ի՞նչ ծուխ էր... էս ի՞նչ քամի էր։

Անզգույշ խոսքեր դուրս թռան հանդիսատեսի բերանից ներկայացման ավարտակետում, երբ սովետաշեն աղբանոցից փչող քամին սպառնում էր դահլիճ լցնել ծուխ, փոշի ու թուղթ, և բարոյականության ու մարդասիրության ասպետը որպես թե կռիվ էր տալիս նյութական աղտեղության դեմ, կորցնելով այնտեղ ջութակի հեծեծանքներ, օպերային արիայի կտորտանք, այծագլուխ սատանայի եղջյուրներ... Չկարողանալով հոգեկան տառապանք ապրել, հերոսը չարչարվում էր ֆիզիկապես, ընկնում ու ելնում։ Թատերական հողմապտույտի մեջ չէին երևում փետուրներն այն «ոսկե թռչունի», որ ընծայվել էր այս ներկայացմանն իբրև մրցանակ անցյալ տարի, աշնանային մի երեկո, հյուսիսային մեծ թերակղզում։

Բեմում հնչող առաջին խոսքերն Ավետարանից են։ Ծանոթ է՝ արդեն երիցս կրկնվող վաճառաշահություն։ Ւ՞նչ կապ ունի դա Իբսենի դրամայի հետ, առանձին հարց է։ Ով բան չունի ասելու ձեռքը գցում է խաչ ու ավետարանին։ Բայց այստեղ էլ կարելի է տրամաբանող լինել։ Ավետարանով սկսում են, սատանայի պատկերով, թոզ ու դումանով վերջացնում աշխարհի բանը։ Ո՞ւմ գլուխն են պտտեցնում։ Բայց, օ՜, զգույշ եղիր, հայ թատրոնի քննադատ... «Կոյուղու խողովակների մեջտեղում շրջում է թատերական հսկան՝ Խորեն Աբրահամյանը»։ Գրված է մի տեղ։ Գրված է օտար ու անպատասխանատու ձեռքով։ Շատ բան է գրված՝ հիացական խոսքեր, և մեկը մրցանակ է որոշել՝ «Ոսկե թռչուն»։ Չգիտենք, թե ինչ որակի խմբեր են եղել սկանդինավյան փառատոնում, կամ ինչ օրի է հասել իբսենյան թատրոնի գեղագիտությունն այնտեղ, այսօր։ Գիտեի՞ն, թե ինչ ասել է Հայ, Հայաստան, Հայ թատրոն։ Գիտեի՞ն, որ Իբսենը հայ բեմում մեծ եղանակ է ստեղծել հարյուր տարի առաջ (ավելի շուտ, քան ռուս բեմում), ունեցել է մասնագիտորեն կրթված, կատարյալ մտավորական բեմադրիչ՝ Գևորգ Պետրոսյան, գլխավոր հերոսի երեք դերակատար, մեկը բեմական հսկա ՀովՀաննես Աբելյան՝ մեծ դերասան համաեվրոպական չափանիշներով։ Չեն իմացել։ Եվ պիտի զարմանային, որ ասիական գաղութային մի կորած երկրում ծանոթ են այսօր մոդայից դուրս եկած իրենց ազգային դասականին։ Ուրեմն, ես չեմ զարմանում նրանց զարմանալու վրա։

Չեմ զարմանում ոչ կարդացածս խոսքերի, ոչ էլ թատերային ու ոչ թատերային միջոցների այս կեղծ-սյուրռեալիստական կույտի վրա, ոչ էլ սարսափում եմ սպասվող աղմուկից, քննադատին դատափետող խոսքերից։ Ես ինձ իրավունք եմ վերապահում կասկածել իբրև չնչին փոքրամասնություն, օգնության կանչելով դրամայի հերոսին, որ ասում է՝ «ճիշտ եմ ես և փոքրաթիվ ուրիշ անհատներ։ Փոքրամասնությունը միշտ իրավացի է»։ Թող որ իմ դեմ ելնի թատրոնական սնոբիզմը։ Չեմ կարող անհասկացող ձևանալ կամ գրպանումս պահել իմ մասնագիտական խիղճը։

Իբսենի դրաման հասարակական արատավորված բարոյականության դեմ է։ Կենսաբանական թույնի ենթադրական գոյությունը սոսկ արտաքին մի հրում է անհամաձայնողական մարդու համար, ոչ թե դրամատիկական մոտիվ։ Ստոկմանի պայքարը բարոյական թույնի դեմ է, և այստեղ է դրաման։ Բեմադրողը շրջել է դրամայի բովանդակությունը, առարկայացնելով ու նյութականացնելով բարոյական թույնը դեղնագորշ կեղտաջրի տեսքով, որ կոյուղու խողովակից թափվում է հերոսի ճակատին։ Իրավացի է Ստոկմանն իր գիտական եզրակացության մեջ, թե ոչ, էական չէ։ Էականը մարդկային հոգևոր ուժի անպարտելիությունն է, որը վեր է ընկերային շահերից, հասարակարգից, անգամ գիտությունից։ Պիեսը (և արվեստն ու գրականությունն առհասարակ) այդ ուժի մասին է, ոչ թե բնապահպանության ու ջրաբուժարանի։ Առհասարակ դրդապատճառները, որոնք թատրոնում կարող են կոնկրետացվել, երբեմն նյութականացվել, պետք է բնազանցվեն, հանգեցվեն հոգևոր գաղափարի, ոչ թե հայտարարվեն պարզունակ ու կոպիտ խորհրդապատկերներով։ Այս է, որ չի հասկացել ղեկավար դերասանն ու գլխավոր դերակատար պարոն Աբրահամյանը և կարծում է, թե հանդիսականին ֆիզիկական զզվանք պատճառելով պետք է բացատրել հասարակական բարոյականության արատավորությունը։ Դա գաղափարի միակողմանի հայտարարություն է, որպես թե մատչելի ու մերկ, իրականում մակերեսային, անշնորհք ու հակագեղարվեստական։ Ինչո՞ւ անհասկացողի տեղ դնել հանդիսատեսին և կարծել, թե նրան բարոյապես սթափեցնել կարող է միայն ֆիզիկական աղբը։ Փոխանակ բարձրանալու առարկայական մոտիվներից  դեպի վերառարկայականը, հակառակն է արել՝ իջել է, հասել կոյուղուն։ Դա հեշտ է, եթե քթի ծակ չունես, կամ բթացել է հոտառությունդ աղտեղության միջով անցնելիս։ Այսպես կարելի է թարսել ու արատավորել ամեն մի թեմա։ Եվ սա արդեն որերորդ փորձն է, որ փորձանք չի դառնում։ Եթե քննադատությունը լռում է, չի նշանակում, թե գլուխ չի հանում այս կիսաէստրադային, կիսաամբոխային աղմկարարությունից, որը ոմանք անվանում են ռեժիսուրա և նորագույն։

Իսկապես, ի՞նչ ռեժիսուրա է սա։

Ութ ամիս առաջ պարոն Աբրահամյանը հայտնեց «ոսկե թռչունի» մասին ի նախատինք հայ քննադատների, թե ինչպե՞ս չեն գնահատել։ Ի՞նչ իմանայինք, որտեղի՞ց իմանայինք։ Եվ ութ ամիս նա թաքցրել էր այդ «հրաշքը»։ Որտե՞ղ... Ութ ամիս, ինչպես ինքն է ասում, «տքնել է, աշխատել»։ Ինչի՞ վրա։ Մրցանակի արժանացած բեմադրության վրա։ Ութ ամսվա մեջ կոյուղու խողովակները տեղափոխել է Սկանդինավյան թերակղզուց Հայաստան և տեղադրել ազգային թատրոնի ցուրտ ու խավար բեմում։ Ուրիշ ոչինչ։ Այնտեղ խաղացել են ինչ-որ շրջանաձև հրապարակում։ Բեմից հասկացող ամեն ոք գիտե, որ շուրջտեսանելիքի պայմաններում, ուր խաղի պատկերը դիմահայաց չէ, և խոսքն ու ձայնը ուղղություն չունեն, բեմադրակարգը (միզանսցեն) չի ընկալվում, ինչպես էլ կանգնես ու շարժվես, մեկ է կառուցվածք չկա և չի պահանջվում։ Այստեղ նրա հերոսի կերպարանքը, ես հասկանում եմ, պատկերացնում եմ, երևացել է կերպարի մոտավոր, ինչ-որ կերպ համոզիչ ուրվագծով, գուցե անսպասելի մեր մասին թյուր կարծիք ունեցող եվրոպացու համար։ Դե հիմա եկ, պարոն բեմադրիչ, և կառուցիր չկառուցվածը թատրոնի բեմահարթակի ու հայելու հարաբերությամբ, որպես դիմահայաց բեմադրակարգ, ձայնի որոշակի ուղղությամբ։ Ութ ամիս գլուխ է կոտրել մեր բեմադրիչը, չարչարել մարդկանց և սարքել մի անկենդան միջավայր, անորոշ ու մութ կերպարանքներով, որոնք զբաղված են խողովակային արգելքները հաղթահարելով։ Այս է բեմական գործողությունը։ Չկա գործող անձանց փոխհարաբերություն, բացի խոսքեր փոխանակելուց։ Փոխհարաբերություն չի էլ կարող լինել։ Դերակատարներին ոչ մի խնդիր չի տրված, ո՛չ հոգեբանական, ո՛չ գեղարվեստական։ Գործում է մեկ անձ՝ Խորեն Աբրահամյանի Ստոկմանը։ Նա իհարկե պատճառաբանված է, ներքուստ օրգանական, թեթև, ընդունելի ու ճանաչելի, մարդկայնորեն պարզ։ Ոչինչ չունենք, դա ինքը դոկտոր Ստոկմանն է։ Աբրահամյանը կարծես հարմար պայմաններ է ստեղծել իր խաղի համար և գունազրկել բոլորին։ Ուստի նրա վարքագիծը անդրադարձում չունի, էությունը չի բացահայտվում փոխհարաբերությունների մեջ, այլ ներկայացվում է մեզ ծանոթ ձևերով։ Դերասանը կրկնում է իրեն ու միայն անծանոթ հանդիսատեսին կարող է ինքնատիպ երևալ։ Միակ գործող անձը, որ նրա համար ինչ-որ արժեք է ստանում, Պետերն է (Խ. Նազարեթյան)։ Բայց այս կերպարն էլ միակողմանիորեն է վճռված, արգելող է ու բռնացող, ուրիշ ոչինչ։ Բեմադրողն է այդպես ցանկացել։ Եթե Ստոկմանը Պետերին անվանում է «բութ», դա չի նշանակում, թե նա իսկապես բութ է։ Իբսենի դրամաներում, և առհասարակ XIX դարավերջի հոգեբանական դրամայում բութ պերսոնաժներ չկան։ Բութ է ոչ թե մարդը, այլ իշխանությունը։ Ւշխանության ղեկին նստողը գործում է ըստ իր պարտականության և աթոռի տրամաբանության։ Ստոկմանի և Պետերի բախումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազատ և անազատ մարդու հարաբերություն։ Այս տեղ է դրաման։ Թե չէ խելոքի ու անխելքի բախումից ի՞նչ  դրամա։ Խոսքը բնավ անձերի բարոյականության մասին չէ, այլ, արդեն ասացինք, հասարակական բարոյականության։ Ամեն անձ ի զորու չէ պատասխանատվություն կրելու դրա համար։ Ի զորու է մեկ անձ՝ դրամայի հերոսը։ Դրանով էլ նա մենակ է և ուժեղ իր մենակության մեջ։

Ես այսպես եմ հասկանում Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման և չեմ տեսնում այն։ Պիեսը կրճատված է անկարող գրչով։ Չեզոքացված են բոլոր հարաբերությունները։ Դրանով «հեշտացել» է բեմադրողի գործը։ Նա ինքն է հարաբերվում բոլորին, ամենից շատ իրեն, և ոչ մեկը իրեն։ Պարոն Աբրահամյանը զարմանալի սեր ունի խավարի հանդեպ. կարծես վախենում է լույսից, վախենում է ազատ ու բաց բեմահարթակի «դատարկ տիեզերքից» և խճողում է տարածությունը ավելորդ ծավալներով։ Պարզ է, թե ինչու. չունի ներքին հենարան, մտքի ու ապրումի նյութ, որոնում է ֆիզիկական հենարաններ, չարչարում է իրեն ու խաղակիցներին ֆիզիկապես, դիմում է էքսցենտրիկ շարժումների, երգում է, նվագում...

Զգո՞ւմ է մարդը, թե ինչ ամայություն է ստեղծել։ Չի զգում, գոհ է։ «Բոլորը խոսում են թատրոնի ճգնաժամի մասին,— ասում է նա։— Հանգիստ եղեք, քանի ես բեմ եմ դուրս գալիս, ճգնաժամ չկա»։ Հրաշալի է։ Հայ թատրոնի ո՞ր գործիչն է երբևէ այսպես խոսել։ «Տա Աստված,— ասում է,— որ այսպես խոսելու իրավունք շատերն ունենան»։

Աստված ազատի... Ճահիճ է, ջուր է կաթում։ Ի՞նչ իմանաս, ինչ խորին խորհուրդ կա կոյուղու խողովակում։ Ի՞նչ ոսկե թռչուն...

Նյութի աղբյուրը՝ «Երկիր» օրաթերթ, 1992թ.,հունիսի 3

ՀԵՆՐԻԿ Հովհաննիսյան 

249 հոգի