06.06.2022 3:26
Այս տարի Լենինականի թատրոնը իր թատերաշրջանը փակել է Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգության բեմադրությամբ։ Բեմադրող Վարդան Աճեմյանի և թատրոնի ողջ կոլեկտիվի տևական ու համառ որոնումներից հետո հաջողվեց բեմ հանել ողբերգությունը և տալ արժեքավոր մի ներկայացում։ Ողբերգությունը տարբերվում է ժամանակակից պիեսներից ոչ միայն իր ժանրով, այլև նրանով, որ ունենալով անվիճելիորեն խոշոր գրական արժեք՝ բեմադրելու համար կարիք է զգում բեմական խմբագրման։ Այդ ուղղությամբ կատարվող աշխատանքը նպատակ ուներ և Արայի կերպարը բեմում ավելի ցայտուն ու ամբողջական դարձնել։ Նախ՝ բեմում հնչում է ողբերգության միայն կեսը, և կրճատումները ամեն կերպ օգնում են Արայի կերպարի ամբողջականացմանը։ Բեմադրության մեջ Շամիրամը հանդես է գալիս մեկ առաջին և մեկ էլ վերջին, իսկ Արան բոլոր չորս գործողություններում, որով և մասամբ մեղմանում է ողբերգության թերևս միակ այն թերին, որ Շամիրամը առավել ուժեղ է ու ամբողջական, քան Արան։ Այսուամենայնիվ ներկայացման մեջ ևս Շամիրամը գունեղ է ու տպավորիչ, քան Արան, մի բան, որ այս անգամ բխում է նաև արտիստական կատարումից։
«Արա Գեղեցիկի» հերոսները իսկական մարդկային կրքերով ու զգացմունքներով օժտված մարդիկ են. ներկայացման ողջ կոլեկտիվը նպատակ է ունեցել բեմի վրա ևս ունենալ նույնքան լիարյուն և ուժեղ բնավորութոյւններ։ Այս առումով, ինչպես ողբերգության, նույնպես և ներկայացման ամենից ավելի հաջողված կերպարը Շամիրամն է։ Շամիրամի դերում հանդես եկավ արտիստուհի Ժաննա Թովմասյանը։ Թովմասյան-Շամիրամը մարմնացած կիրք է, կամք և իշխանատենչ կնոջ չբավարարված տենչանք՝ բնավորության գծեր, որոնք նրա խարակտերի ողնասյունն են կազմում։ Այդ են արտահայտում նրա ամեն մի շարժումը, հայացքն ու ժպիտը։ Արտիստուհին իրավացիորեն ետին պլան է մղել Շամիրամի տրադիցիոն տռփամոլությանը և արտահայտել նրան առավել մարդկային հատկանիշներով։
Արա Գեղեցիկի դերակատարն է Գեղամ Հարությունյանը, որը կարողանում է հաջողությամբ արտահայտել Արայի այն հատկանիշները միայն, որոնք համապատասխանում են նրա արտիստական ամպլուային։ Իրոք որ նրա Արան շատ է գեղեցիկ, հրապուրիչ իր և՛ արտաքինով, և՛ շարժուձևով. նա ազնվաբարո և շատ զգայուն անհատականության է՝ մինչև վերջ հագեցած լիրիզմով։ Եվ եթե Արայի կերպարին բավականացնեին վերոհիշյալ հատկանիշները միայն, ապա նրա Արան ավելի քան կատարյալ կլիներ։ Բայց նա արքա է, այն էլ Ուրարտուի ռազմիկ պետության, նա կարող է Շամիրամի կիրքը չունենալ, բայց գոնե նույնքան հաստատակամ պիտի որ լինի, այլապես ինչպե՞ս է, որ նա կարողանամ է չգերվել Շամիրամից։ Իսկ Հարությունյան-Արան շատ է մեղմաբարո և պակաս կորովամիտ։
Մոտավորապես նույն այս պատճառներով չի ամբողջականացած և Նուարդի կերպարը արտիստուհի Ա. Առաքելյանի կատարմամբ։ Առաքելյան-Նուարդը կարծես անձեռակերտ մի գեղեցկություն է, բայց կերպարը թերի է՝ միակողմանի մեկնաբանման հետևանքով։ Նրա միակ առավելությունը Շամիրամից՝ հեզությունն է և հայ լինելը, որոնք շատ քիչ են Շամիրամի դեմ հաղթանակ տանելու համար։ Բեմադրության մեջ անիրավացի կերպով Նինոսը տգեղացված է և դրված աննպաստ պայմանների մեջ, որի հետևանքով նույնիսկ այնպիսի խոշոր արտահայտչական միջոցներ ունեցող դերասան, որպիսին Լ. Ջոհրաբյանն է, չի կարողանում ըստ ամենայնի բացահայտել այդ հետաքրքիր կերպարը։ Այսուհանդերձ բորբոքվող Ջոհրաբյան-Նինոսի մեջ կարելի է տեսնել հզոր ու փառատենչ արևելյան տիրապետողին։ Արտաբանի դերակատար Կ. Արծրունյանին հաջողվել է ներկայացնել հզոր Ասորեստանի զորավարին իր ամենաբնորոշ հատկանիշներով։ Նրա Արտաբանը պարթևահասակ ու արիասիրտ մի տղամարդ է՝ պատրաստ ամեն ինչ անել սիրած կնոջ՝ Շամիրամի համար։ Արտիստ Ժ. Էլոյանը Վարուժանի դերակատարումով ստեղծել է ջերմ մի կերպար. նա մի անձնվեր մարտիկ է, պատրաստ մեռնելու հայրենիքի ու արքայի համար։
Շատ հաջող են ստացվել վաստ. արտիստներ Ա. Հարությունյանը գինեվարպետ Արբակի և Հայկասարը՝ Կադմոս վաճառականի դերերում։ Այնքան անմիջական են ու կենդանի նրանք իրենց դերերում, որ մնում են դիտողի հիշողության մեջ որպես ներկայացման ամենագեղեցիկ օղակներից մեկը։ Չափազանց խիստ է ստացվել արտիստուհի Մելյանի Արքայամայրը, բայց արտիստուհին կարողացել է լավ արտահայտել Արքայամոր հոգու վսեմությունը ու հաստատակամությունը։ Նիրարի դերակատար արտիստ Օ. Ղազարյանի կատարումը միայն առերևույթ կարող է ահեղ թվալ։ Բավարար խաղ են տալիս արտիստներ Ռշտունին (Ասուր Գաբու), Ց. Ամերիկյանը (Վաշտակ), արտիստներ Շերենցը (Ասսար) և Բոխյանը (Նանե)։
Ռեժիսոր Վ.Աճեմյանը հմտությամբ ներկայացման մեջ ի մի է ձուլել մի քանի թատերական ոճեր՝ ստեղծելու համար այս ճոխ ներկայացումը։ Զուսպ ու նրբանկատ մոտեցում ունենալով՝ ռեժիսորն օգտագործել է անգամ հին հունական թատրոնի խորը, որն արտահայտում է իր էմոցիոնալ վերաբերմունքը՝ օգնելով ներկայացման ընկալմանը։ Ողջ առաջին գործողությունը, որ հիացնում է դեպքերի սլացիկ զարգացումով և կառուցվածքի բարդությամբ, բեմադրված է զարմանալի հստակ ու տպավորիչ։ Փոքր ինչ ձգձգված է երկրորդ գործողությունը, բայց այստեղ էլ հիացնողն այն հնարամտություններն են, որոնցով ռեժիսորը ծանոթացնում է նոր ձևավորված հայ ժողովրդի կենցաղին ու սովորույթներին։ Շատ կուռ ու տպավորիչ ազդեցություն է գործում կուլմինացիոն տեսարանը, ուր Արան մերժում է Շամիրամի դեսպաններին։
Երբեմն ռեժիսորը հեշտ դիմադրության ուղին ընտրելով՝ դիմել է էժան էֆեկտներ ստեղծելու միջոցին (Նինոսի տգեղացումը, բերդակալի կտրված գլխի ցուցադրումը, Արայի դիակի ցուցադրումը պատվանդանի վրա), որոնք չեն բարձրացնում ներկայացման ընդհանուր գեղարվեստական արժեքը։ Ֆինալային տեսարան ստեղծելու նպատակով, ռեժիսորը չի բավարարվել ողբերգության հայտնի տեքստով, այլ ավելացրել է հետևյալը՝ գալիս է գինեվարպետ Արբակը և ի լուր ու ի մխիթարանք բոլորի հայտնում, որ Արան կենդանացել է ասածը հաստատելու համար արտասանում է «Վահագնի ծնունդը» հայտնի բանաստեղծությունը, որից հետո ուրախացած Նուարդը բարձրանում է պատվանդանի վրա և ազդարարում, որ հայ ժողովուրդն անմահ է և որ նա կապրի դարեդար, ապա նվագախմբի հաղթական հնչյունների տակ վարագույրը փակվում է։ Այսօրինակ օպտիմիստական ֆինալը, որքան էլ որ հարմար լինի ներկայացման ոգուն, այնուամենայնիվ չի արդարացնում իրեն թեկուզ այն պատճառով, որ չի կազմում ողբերգության պատճառաբանված և օրգանական շարունակությունը, ողբերգություն, որի նյութը թեև պատմադիցաբանական է, բայց գրված է ռեալիստական շնչով ու ոգով։
Ձևավորող հանգուցյալ նկարիչ Մ. Սվաղչյանը խորամուխ լինելով ասորա-բաբելական արվեստի առանձնահատկություններին՝ կարողացել է հիանալի կերպով արտահայտել այդ արվեստի մոնումենտալ բնույթը։ Սարյանական ոճով նկարված ետնավարագայրները արտահայտիչ են ու տպավորող (երկրորդ գործողության բարգավաճող Ուրարտուն, չորրորդ գործողության ասորական բանակատեղին և այլն)։ Կոմպոզիտոր Եղիազարյանի երաժշտությունը մոտ է հին արևելքի երաժշտության բնույթին և հարազատ՝ ներկայացման ընդհանուր ոգուն։
Բեմադրությունը նվաճում է թատրոնի ամբողջ կոլեկտիվի և բեմադրող Վարդան Աճեմյանի համար։ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգության հաջող բեմադրությունն է այս, որ երկար պիտի մնա թատրոնի խաղացանկում և լինի դերասանական կոլեկտիվի փայփայանքի ու հանդիսականների հիացմունքի առարկան։
1946թ.