Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

13.10.2022   1:04

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԴՈւԹՅՈւՆ ԿԱՄ «ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ» ԿԱՏԱԿԵՐԳՈւԹՅՈւՆ

Սունդակյանի անվան թատրոնը սիրում է կենցաղային կատակերգություններ։ Կենցաղային կատակերգություններ սիրում է նաև այդ թատրոնի հանդիսատեսը։

Երևի թե այն պատճառով, որ կենցաղը (հատկապես խորհրդային կենցաղը) իսկապես ծիծաղի տեղիք տալիս է։ Սարսափելի ծիծաղի։ Այդ կենցաղը չափազանց ծանոթ, չափազանց սովորական և տանջալի բան է դարձել։ Դրանից փրկում չկա։ Անհրապույր, պրոբլեմատիկ կենցաղը գտնվում է գաղափարներով և բարձր խոսքերով ներծծված քաղաքականության մյուս բևեռում։ Կա իդեալների և կենցաղի բևեռացում։

Սունդակյանի անվան թատրոնը վաղուց ի վեր ընտրել է կենցաղային կատակերգությունը, որպես իր թատրոնին հարմար, ամենածիծաղահարույց ժանրը։ Չարաշահելով ծիծաղին և զվարճությանը հանձնվելու հանդիսատեսի պատրաստակամությունը, ակադեմիական թատրոնը ստեղծում է անորակ, բայց ավելի քան ծիծաղահարույց «Կարուսել» ներկայացումը։

«Կարուսել»։ Մարդկանց կարուսել, կյանքի կարուսել, փողի կարուսել։

Փողեր, փողեր, փողեր։

Փողեր, որ դեկոր են, պերսոնաժներ, գերխնդիր։ Կաշառք և կաշառակերներ, որոնք անպակաս են և մեր կյանքից, և Սունդուկյանի անվան թատրոնի բեմից։ Հանդիսատեսը ճանաչում է նրանց («Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում» և այլն), իսկ թատրոնը սիրում է, երբ ճանաչում են իր հերոսներին։ Իսկ հերոսները սովորական, շատ սովորական մարդիկ են, ինչպես հանդիսատեսը։

Թեման չափազանց հստակ է՝ այս երկրում ամեն ինչ առ ու ծախի առարկա է։ Ինչպես նաև հումորը։ Իսկ առ ու ծախը երևանցիներին (և ոչ միայն երևանցիներին) մեծ հաճույք է պատճառում։ Գալ թատրոն և տեսնել, որ գլխավոր թատրոնում շատ ծանոթ դերասանները խոսում են, ավելի ճիշտ, գոռում են համարյա իրենց նման, ինչպես իրենց կյանքում, իրենց ընտանիքներում վիճում և նախատում են իրար (և շարունակ)՝ մեծ հաճույք է իրենց համար։

Սունդուկյանի անվան թատրոնն ունի իր հանդիսատեսը, ավելի ճիշտ, ուներ, որովհետև վերջին ներկայացումը՝ «Փրկեք մեր հոգիները» անվանումով, անշուշտ առաջարկում է գնահատել թատրոնի գործը ավելի բարձր չափանիշներով։

Իսկ «Կարուսելը» կգա նայելու մի քանի անգամ և խորհուրդ կտա նայելու իր ծանոթներին ա՛յն հանդիսատեսը, որը ներկայացման ժամանակ անընդմեջ հռհռում է։ Որովհետև, սա ծիծաղ չէ, այլ հռհռոց։

Երբ նայում ես բեմ ու տեսնում, որ բեմից խոսող մարդիկ ոչնչով քեզնից չեն տարբերվում, առաջանում է ճանաչողական ռեակցիա, որը հայտնության պես մի բան կարող է լինել։ Այդ հանդիսատեսը շատ քիչ է գալիս թատրոն, և թատրոնը նրա համար տոն է, զվարճանք։ Իսկ զվարճանքը միշտ առնչվում է ծիծաղի հետ, լուռ զվարճություն դժվարանում են պատկերացնել։ Համենայն դեպս, նրանք գալիս են նախապես իմանալով, թե ինչ են տեսնելու, ինչի վրա են ծիծաղելու։ Նրանք գալիս են պարզապես ծիծաղելու։

Ծիծաղող մարդը տհաճ պատկեր է։ Դերասանը չի ծիծաղում (ավելի ճիշտ հազվադեպ է ծիծաղում և հաճախ իր կերպարի բացասական կողմը ընդգծելու համար՝ հիշենք Մեֆիստոֆելի ծիծաղը)։ Բեմում չեն ծիծաղում, ծիծաղում են հանդիսասրահում։ Սա լավ թատրոնի օրենքն է։ Կոպիտ ծիծաղող, քրքջացող, հոհռացող մարդը հաճելի տեսարան չէ։ Մանավանդ բեմում, ուր ամեն ինչ խոշորացույցի տակ է։ Մեր հանդիսատեսը շատ է ծիծաղում, իսկ թատրոնները շատ են ծիծաղեցնում՝ դա համարելով, ամենալիարժեք, լսելի ընկալման ռեակցիան։ Եթե ծիծաղում են, ուրեմն ընդունում են։ Ինչքան շատ ենք ծիծաղում, այնքան նրանց դուր ենք գալիս։ Սա է այն թատրոնների շղթան, որոնք հրաժարվելով բաց քաղաքական–պատմական (ժամանակակից հեղինակների գրած) ներկայացումներից (այսինքն, ինչ-որ տեղ՝ ողբից, պոետիկացումից, հրապարակախոսությունից) նախընտրում են կենցաղային, սյուժետային պարզունակ կառուցվածք ունեցող (ընտանիք-աշխատանք) պիեսներ։ Դրանց գլխավոր նախապայմանը չափազանց մատչելիությունն է։ Այդ սկզբունքով է կազմում իր խաղացանկը նաև Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։

Ծիծաղ է հարուցում ֆիզիկական էներգիայի (շարժումների, ձայնալարերի) չափազանց և աննպատակ ծախսումը և, հակառակը, ինտելեկտուալ ալարկոտությունը, երբ ուղեղի չափազանց լարումը հավասար չէ ստացված արդյունքին։

Այսինքն, ծիծաղ կա այնտեղ, ուր կա նորմայի խախտում։ Անհամատեղելիություն։ Սկզբից զարմանում ես, թե ինչքան անհեթեթ է բեմում կատարվածը, հետո զգում ես ուրախ տրամադրություն, որպես այդ անհամատեղելիության վերջնական գիտակցված արդյունք։

«Կարուսելի» հերոսը մոլորվել է, չգիտի ում և ինչքան կաշառք պիտի տա։ Իսկ պրոֆեսիոնալ կաշառակերները բերանը բաց սպասում են, թե ով պիտի իրենց մոտ գա և թողնի երկար սպասված ծրարը։ Այս իրավիճակը դադարել է համարվել նորմայի խախտում և ինքնին դարձել է նորմա։ Զարմանալին, համարյա նոր խախտումը այն է, որ դրա մասին ասվում է բեմից (այսինքն, բարձունքից)։ Սունդուկյանի թատրոնի հանդիսատեսին դա է հաճույք պատճառում։

Մինչև հանդիսատեսը կսկսի ծիծաղել, անհրաժեշտ է նախապատրաստել նրան, հասցնել այնպիսի յուրահատուկ սպասումի վիճակի, որը կարելի է ընկալման սպասում կոչել։ Այդ վիճակը նույնիսկ ավելի կարևոր է, քան կատակը կամ սրամտությունը։ Մարդիկ կարող են հասնել տրամադրության այն աստիճանի, որ պատրաստ կլինեն ծիծաղել ամեն առիթով։ Ընդհանուր ուրախության մթնոլորտը ավելի ուժեղ է ներգործում, քան յուրաքանչյուր կոնկրետ կատակ և սրամտության։

Մտքի աշխատանքը թուլանում է, և ուրախ ծիծաղը վերածվում է իներցիայով ընթացող ծիծաղի։ Ընկնում է նրա որակը։

Սըր Ջոն Գիլգուդը ծիծաղահարույց և մեծ հաջողություն ունեցող մի բեմադրության առիթով ասել է, թե բեմադրիչը պետք է սովորի թույլ չտալ հանդիսատեսին չափազանց շատ ծիծաղել։ Պետք է զսպել ծիծաղելու ցանկությունը, այլապես դա կարող է վնասել (հենց թատրոնի հեղինակությանը վնասել)։ Հասցնել ուժերի սպառման, ուժասպառ վիճակի։ Թատրոնը հո չի ուզում իր հանդիսատեսին վնասել՝ հալից (և որակից նույնպես) գցելով նրան։ «Կարուսելից» հետո հանդիսատեսը թողնում է թատրոնը՝ դեմքին բութ հոգնածություն (դժվար է, չէ, մի քանի ժամ անընդհատ ծիծաղել), բայց և գոհ տրամադրությամբ։ Հանդիսատեսի շերտերի մեջ մեծ խզում կա։ «Կարուսելի» հանդիսատեսը առավել բազմաքանակ է և անորակ։

Անորակ ծիծաղ անորակ կատակերգությունում։

Բայց հեշտ ու մատչելի։

ՇՈՈւ-ԵՐԳԻԾԱՆՔ ԿԱՄ ՊԱՐՈԴԻԱ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՎԱԿՆՈւԹՅՈւՆ ՈւՆԻ

Ուզում եմ խոսել մի ներկայացման մասին, որը մեծ աղմուկ չի հանել, գրեթե անծանոթ է շատերին։

Երիտասարդ «Ոզնիները» խաղում են պարոդիա հեռուստահաղորդումների թեմաներով։ «Ոզնիներ» կոչվող թատրոնը արդեն օրինական թատրոն է, որը հենց իր ծննդյան օրվանից պարոդիաներ է խաղում։ (Ես հիշում եմ մի քանի տարի առաջ նրանց ցուցադրած ուսանողական ներկայացումը)։

Պարոդիա կամ ծաղրանմանում (մի քիչ տհաճ բառ է) ստեղծելու տեխնիկան, վերջ ի վերջո, հանգեցվում է օրիգինալի նմանակմանը։ Սակայն օրիգինալը բնութագրող գծերը թանձրանում են, հիպերբոլացվում, աբսուրդի աստիճանի հասցվում։ Պարոդիան կարող է հաջողվել միայն այն դեպքում, երբ ընկալողը լավ ծանոթ է օրիգինալին։ Պարոդիայի համար հեռուստատեսությունից ավելի հարմար նյութ գտնելը, երևի, անհնար էր։ Հեռուստացույց նայում են բոլորը, և համարյա բոլոր հաղորդումներն ու հաղորդավարները ծանոթ են։ Դա մի յուրահատուկ աշխարհ է, մեր մի մասը, մեր կյանքի, հասարակության, այսպես կոչված, հայելին։ Հետաքրքիր և շահեկան թեմա է հեռուստատեսությունը։ Բազմաքանակ և բազմատեսակ է նրա հանդիսատեսը։ Բազմապիսի և բազմաքանակ են նաև երիտասարդ «Ոզնիների» հանդիսատեսները։ Սիրում են ծիծաղել, ուզում են ծիծաղել։ Հայկական հեռուստատեսությունն այդ հնարավորությունը տալիս է առատորեն (մարդկային տիպաժների բազմապիսի ընտրություն, ինֆորմացիայի բոլոր տեսակներ)։ Այդ հնարավորությունից էլ օգտվում է թատերախումբը։ Ներկայացումը փոխվում է, ինչպես փոխվում են մեր հաղորդումները, ինֆորմացիան, կյանքը։

«Ոզնիները» խաղում էն ամեն ինչ, սկսած 8.00-ի ծրագրի հաղորդումից, վերջացրած կիրակնօրյա 22:30-ի երաժշտական փոստարկղով։ Չմոռանանք նաև ամենագլխակորը՝ ԱԶԴ-եր և գովազդեր։ Նորությունների, լուրերի ընտրությունը և հետևողականությունն արդեն կարող են լինել ծիծաղելի, որպես որոշված, վաղուց ի վեր կրկնվող լուրեր թողարկելու համակարգի խախտում։

Ծաղրել կարելի է մարդու խոսելակերպը, մտածելակերպը, շարժուձևը։ Հանդիսատեսը ծիծաղում է դերասանին նմանեցնելով իրեն քաջ ծանոթ հաղորդավարի հետ։ Գովազդը՝ չափազանց ծանոթ կամ միանգամայն անծանոթ առարկայի հետ։ Այսինքն, հանդիսատեսը ծիծաղում է իրեն գերծանոթ փաստի կամ, ավելի ճիշտ, այդ փաստի իմիտացիայի վրա;

Երիտասարդ «Ոզնիները» զբաղվում են հենց փաստի իմիտացիայով։ Փաստ, որ գլխիվայր է շուռ տված, և հենց այս հանգամանքն է, որ ծիծաղ է առաջացնում։

Շատ է խաղարկվում և բառային կոմիզմը։ Շփոթմունք, ցենզուրան շրջանցելու փորձ, իսկ իբրև արդյունք՝ բառախաղ, բառասխալ (բառերի սխալ օգտագործում), բառաշփոթ նորություն։

Իհարկե, դերասանները օգտագործում են նաև շատ սովորական, մաքուր հեռուստատեսային, բայց փորձված մեթոդներ (հեռուստախցիկի աշխատանքի խափանում, նորությունների թերթիկի ուշացում և դրան հետևող ժամանակը ձգելու խնդրանք)։ Շատ են նաև անեկդոտները, խաղարկվող դրվագները, երևանյան (այսինքն, քաղաքային) և ոչ երևանյան պատմություններն ու կատակները։ Այսինքն՝ առօրյա հումոր, ոչ պրոֆեսիոնալ հումոր։ Եվ շատ դեպքերում չես էլ կարող հասկանալ, թե ինչը հարուցեց ծիծաղ։ Եթե առաջին կատակը ստացվեց, «տեղ հասավ», հանդիսատեսը կարող է հասնել այնպիսի հոգեվիճակի, որ համարյա ամենը ծիծաղելի կթվա։ Նույն թեմայի ինչ-որ նոր պտույտ՝ և դահլիճը պայթում է ծիծաղից։

Ճակատագրական սխալ կլինի հույսը դնել հաջող սկզբի վրա, իսկ հետո թողնել ամեն ինչ իր բախտին։ Պետք է ոչ մի պահ թույլ չտալ, որ կատակների ինտենսիվությունը թուլանա։ Չէ որ հանդիսատեսին պետք է ծիծաղեցնել։ Այն հանդիսատեսին, որ սիրում է հեշտ ծիծաղել։

Դերասաններից մեկը հայտնվում է կնոջ շորերով և գրիմով։ Պարզապես հայտնվում է, իսկ հանդիսասրահը պայթում է ծիծաղից։ Որովհետև հաղորդավարուհի Սուսաննա Շահինյանի գրիմը ծանոթ է բոլորին, իսկ դերասան-Շահինյանը շատ ծիծաղելի է, պրիմիտիվ ծիծաղելի։ Զուր չի ասված, երբ ծիծաղում ես, ցույց ես տալիս ոչ միայն ատամներդ, այլև ուղեղդ նույնպես։ Ես կասեի նաև՝ քեզ ծիծաղեցնողի ուղեղը ևս։

Հումորը բարդ բան է և մեծապես գնահատելի։ Իհարկե, նուրբ հումորը, խելոք հումորը։ Հումոր, որ խելոքացնում է, վեհացնում մարդուն (թող պաթետիկ չթվա)։ Այսինքն՝ բարձրացնում է քեզ քո իսկ էությունից, շրջապատող (անշուշտ ոչ երջանիկ) իրավիճակից, իրադարձություններից, հեռացնում, որպեսզի մոտեցնի, լիցքաթափումդ որպեսզի լիցքավորի։ Դրականորեն լիցքավորի։ Յուրատեսակ կատարսիս։ Կատարսիս ծիծաղի միջոցով։ Մեր հանդիսատեսը կարիք ունի նման կատարսիսի։

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», N 10, 1990 թ.

694 հոգի